«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հնչեց Ալեքսեյ Շորի երաժշտությունը
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը‚ խոսելով Շորի արվեստի մասին‚ նշեց‚ որ իրեն հիացնում է Շորի վերաբերմունքը երաժշտության նկատմամբ. «Լինելով մաթեմատիկոս և լուրջ գիտնական՝ Ալեքսեյ Շորն իրեն նվիրել է երաժշտությանը։ Այս իրողությունը փառատոնին գեղեցիկ երանգ է հաղորդում»։
Ալեքսեյ Շորը‚ նշելով‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը բացառիկ է իր ձևաչափով‚ առանձնացրեց այն փաստը‚ որ ժամանակակից կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրվում է մեկ առանձին համերգային երեկո՝ այդպիսով ամբողջական ներկայացնելով տվյալ հեղինակի արվեստը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին խոսելով՝ Շորն ընդգծեց‚ որ ուրախ է համագործակցել այս կոլեկտիվի հետ‚ որն ունի շատ հետաքրքիր ու բովանդակությամբ լի պատմություն։
Հիշեցնենք‚ որ նոյեմբերի մեկից ինը Երևանում անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։