«Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմը՝ համաշխարհային կինոշուկայում
Ֆիլմում ներկայացված է Արամ Իլյիչ Խաչատրյանի հանրահայտ գլուխգործոցի՝ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը։
«Սուսերով պարը»-ի ռեժիսորն ու սցենարիստն է դեռ խորհրդային տարիներից հայտնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը:
Կինոնկարը թողարկել է Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը, գրում է Rusarminfo-ն:
«Սուսերով պարը» ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ։ Այն երկու երկրներում էլ վարձույթի դուրս կգա 2019թ.–ի դեկտեմբերին։
«Մարս մեդիայի» միջազգային վաճառքի ղեկավար Միլա Ռոզանովայի խոսքով` ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում։ Սանտա Մոնիկայում ընկերությունը ծրագրում է բանակցություններ վարել ևս մի քանի ընկերությունների հետ։
Ֆիլմի գործողություններն ընթանում են 1942թ.–ի աշնանը Մոլոտովում (Պերմ), որտեղ տարհանումից հետո Լենինգրադի Կիրովի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի հետ գտնվել է Խաչատրյանը։
Հենց այստեղ, «Գայանեի» վերջին փորձից առաջ, նա հանկարծ տնօրինությունից հրաման է ստանում ևս մեկ պար գրել բալետի եզրափակիչ մասի համար, որն արդեն պատրաստ էր։ Նա բառացիորեն մի քանի ժամում է գրել այդ հատվածը։
Ֆիլմում գործողություններ են ծավալվում նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրեց «Երջանկություն» բալետը։
Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Համբարձում Կաբանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ.-ին` երկու փուլով։ Առաջին փուլը եղել է Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։
Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։
Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: