Հայերեն   English   Русский  

​Ինչ վիճակում է Վենետիկի Մխիթարյան միաբանության Ս. Ղազար կղզին


  
դիտումներ: 759

ՌԱԿ մամուլում հրապարակվել է Մխիթարյան միաբանության հաղորդագրությունը Ս. Ղազար կղզու դրության մասին, որը ներկայացնում ենք ստորև:

Երեքշաբթի՝ 2019-ի նոյեմբերի 12-ի երեկոյան ժամը 9-ից սկսած, մակընթացության նախատեսված բարձրագույն մակարդակը 40 սմ գերազանցելով՝ հարավային ուժգին քամու պատճառով Վենետիկի լճակի մակարդակը հասավ 180 սմ-ի։

Այսպիսի իրավիճակ տեղի չէր ունեցել 1966-ից ի վեր։ Վենետիկի Ջուդեքքա շրջանի հարավային քարափներն ուժգին ալիքների հարվածի տակ քանդվել են, նավեր են խորտակվել, նաև ավանդական գոնդոլները, Ս. Մարկոսի հրապարակը և քաղաքն ամբողջ ջրով ողողված է։

Սուրբ Ղազարը ջրով ողողված -2

Ս. Ղազար կղզին էլ զերծ չմնաց բնության այս աղետից։ Գետնահարկի բոլոր սենյակները ողողվեցին լճակի տղմուտ ջրով, քառանկյունի խոտածածկը ջրի տակ սուզվեց։ Սեղանատուն ևս խուժեցին ջրերի հորձանքները, և դժբախտաբար եկեղեցին անգամ լցվեց կես մետր ջրով, որ հասավ դաս և ավանդատուն՝ վնասելով որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր։

Միայն վաղ առավոտյան անդրադարձանք, որ ամեհի ալիքների հարվածների տակ ամբողջ հարավակողմը եզերող պարսպապատը քանդված է։ Այս տխուր համայնապատկերը հասավ իր գագաթնակետին, երբ տեսանք վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավի պատճառած վնասները: Առագաստանավը, ալիքներից քշվելով, ցռուկով քանդել էր պարսպից մի հատված՝ մինչև լայնքով բարձրանալով քարափին և փլելով ետևի պարիսպը։

Վենետիկ-ջրհեղեղ-3

Մեր բոլոր հայրենակիցներին և բարեկամներին ուզում ենք ապահովեցնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը անվնաս մնացին Ամենասուրբ Կոյսի մայրախնամ հովանու ներքո։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: