Սպիտակ վերնաշապիկ՝ ի հիշատակ Կառլ Լագերֆելդի. ցուցադրություն Փարիզում
Վարպետի առանցքային խորհրդանիշներից մեկը սպիտակ վերնաշապիկն էր, որը «A Tribute to Karl: The White Shirt Project» նախագծի շրջանակներում վերաիմաստավորել են մի շարք աստղեր:
«Սպիտակ վերնաշապիկը ամեն ինչի հիմքն է: Մնացածը երկրորդական է»,- մի անգամ ասել է նշանավոր դիզայները: Եվ նախագծի մասնակիցներն ասում են՝ առանց սպիտակ վերնաշապիկի հնարավոր չէ պատկերացնել Լագերֆելդին:
Նախագծի մտահղացումը ֆրանսիական Vogue հանդեսի խմբագիր Կարին Ռոյթֆելդինն է, որ նաև նախագծի համակարգողն է: Լագերֆելդի մի շարք նշանավոր բարեկամներ և երկրպագուներ ստեղծել են սպիտակ վերնաշապիկի նոր ձևավորում: Նրանց թվում են մոդել Կառա Դելեվինը, դիզայներ Թոմմի Հիլֆիգերը, նկարիչ Տակասի Մուրակամին, սուպերմոդել Քեյթ Մոսսը, դերասանուհի Դայան Կրյուգերը, Լագերֆելդի ընթերակա Սեբաստյան Ժոնդոն:
Նրանց աշխատանքները ցույց են տվել Փարիզի Նորաձևության շաբաթում, այնուհետև աշխարհի Karl Lagerfeld խանութներում: Եկող տարի այդ եզակի նմուշները հնարավոր կլինի տեսնել Ֆլորենցիայում՝ տղամարդկանց Pitti Uomo նորաձևության ցուցահանդեսում:
Մինչ այդ դրանցից յոթը մատչելի են համացանցում՝ Farfetch կայքում, որտեղ նախագծի մասնակիցները պատմում են նաև, թե ինչպես են մտահղացել վերնաշապիկի իրենց ձևավորումը:
Ի դեպ, ցուցադրությունից ստացված միջոցները փոխանցվելու են բարեգործական Sauver La Vie ծրագրին, որը աջակցում է Փարիզի Դեկարտի համալսարանի բժշկական ուսումնասիրություններին: