Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունն Օսիպյանի օրոք մեկ անձից 848 մլն դրամի գնում է արել. այդ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը, գործով հարցաքննվել է նաև փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, նրան մեղադրանք կառաջադրվի


  
դիտումներ: 1164

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունը տարածած հաղորդագրությունում գործի վերաբերյալ որևէ մանրամասն նշված չէ, թե օրինակ ո՞ր ժամանակահատվածում է Արթուր Տոնոյանը ենթադրյալ նպատակաուղղված գործողությունները կատարել, ո՞ր ընկերության օգտին է ենթադրյալ գործողությունները կատարել, սակայն հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնեցված գործողություններով է Արթուր Տոնոյանը սահմանափակել ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը: Հետևաբար, գործում նաև այլ պաշտոնյաներ են:

Tert.am-ին հայտնի է դարձել, որ խոսքը «Բիլլ Սթոուն» ընկերության հետ կնքած պայմանագրերի մասին է, այդ ընկերության մասին ավելի վաղ հայտնել էր ՊՎԾ-ն: ՀՀ ոստիկանությունը 2018-ին այդ ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել, իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման ընթացքում կնքվել է շուրջ 848 մլն դրամի պայմանագիր՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տպագրման աշխատանքների, վարորդական վկայականների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի տպագրման և այլ աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՀ ոստիկանությունը «Բիլլ Սթոուն» ընկերության հետ պայմանագիր կնքել է 2019-ի օգոստոսի 23-ին՝ 78 մլն 840 հզր դրամի չափով, սեպտեմբերի 6-ին՝ 341 մլն 640 հզր դրամի, օգոստոսի 23-ին՝ 315 մլն 587 հզր դրամի, օգոստոսի 16-ին՝ 13 մլն 800 հզր դրամի, իսկ հոկտեմբերի 1-ին՝ 98 մլն 478 հզր դրամի:

Բացի 2019-ին կնքած պայմանագրերից, նշված ընկերության հետ ոստիկանությունը ընդամենը մեկ պայմանագիր է ստորագրել՝ 2017-ին՝ 415 մլն դրամի չափով:

Փաստացի, ըստ մեղադրանքի, ստացվում է, որ հենց այս ընկերության մենաշնորհային դիրքի հաստատման մեջ է մեղադրվում ՃՈ հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանը:

Tert.am-ի տեղեկություններով ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրվի:

ՀՔԾ-ի՝ «գործող անձանց» ցուցակում է նաև ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Նշված տեղեկությունների մասին Tert.am-ը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՔԾ-ից, սակայն հայտնեցին, որ հարցերը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: