Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում. հակառավարական շարժումների ահագնացող ալիքը


  
դիտումներ: 960

Աշխարհը հայտնվել է հակակառավարական անվերջանալի շարժումների ատամների տակ, որոնք արագորեն տարածվում են բոլոր մայրցամաքներում՝ մեծ մասամբ ուղեկցվելով ավերածություններով ու մարդկային զոհերով, միաժամանակ հյուծելով պետությունների տնտեսությունը:

Որոշ փորձագետներ այս երևույթը համարում են ժողովրդավարության ճգնաժամ, ուրիշները՝ ընդհակառակը՝ ժողովրդավարության վերելք կամ ժողովրդավարության նոր մակարդակ: Կա նաև երրորդ կարծիք, որին հակված են պետությունների ղեկավարները՝ համարելով իրենց երկրում տեղի ունեցող ընդվզումները դրսի հակառորդների սադրանքի հետևանք կամ հիբրիդային պատերազմի մի նոր տեսակ: Համենայն դեպս Եվրոպայում ավելի ու ավելի հաճախակի են սկսել խոսել պոպուլիզմի տարածման՝ որպես երկրների անվտանգությանը սպառնացող չարիքի մասին: Այդ շարժումները հիմնականում սկսվում են սոցիալական կամ որևէ օրենսդրական առիթով (մեծ մասամբ դժգոհություն վառելիքի կամ որևէ ծառայության գների բարձրացումից) և կամ ընտրություններից հետո և արագ վերաճում են հակակառավարական ընդվզման՝ իշխանության փոփոխման անշեղ վճռականությամբ:

Հակակառավարական ցույցերը Հոնկոնգում սկսվեցին ամռան սկզբին մի օրենքի նախագծի ընդունման մտադրության դեմ, որով թույլ էր տրվում իրավախախտներին արտահանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրենքը հետ կանչվեց, ընդդիմության կողմնակից ուսանողական երիտասարդությունը շարունակում է հակակառավարական ցույցերը: Դրանք ուղեկցվում են բռնությամբ, ճանապարհների փակումով, հրկիզումներով և վանդալիզմի գործողություններով: Հինգ ամսվա անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 4,5 հազար մարդ:

Նախորդ կիրակի երեկոյան հերթական առճակատումը սկսվեց պոլիտեխնիկական համալսարանի մոտ, երբ հարյուրավոր ուսանողներ սկսեցին անկարգություններ և հրկիզումներ, աղյուսներ և պայթուցիկ խառնուրդով շշեր նետեցին իրավապահների վրա, կրակեցին ինքնաշեն զենքերով: Այնուհետև ուսանողները բարիկադներ սարքեցին համալսարանի տարածքում: Նրանք օգտագործում էին պայթյունավտանգ քիմիական նյութեր, որոնք գողացել էին լաբորատորիաներից ռումբեր պատրաստելու համար: Իրավապահները շրջափակել էին բուհի տարածքը և հարակից փողոցները: Թերևս Հոնկոնգի շարժման սկզբնավորումից ի վեր անցած շաբաթվա առաջին երեք օրերն ամենադաժանն էին ցուցարարների և իրավապահների առճակատման առումով: Ձերբակալվեց 400 արմատական, ևս 200 հոգու, որոնք անչափահաս էին՝ մինչև 18 տարեկան ուսանող, մարդասիրական նկատառումներով ազատ արձակեցին:

Հոնկոնգի շարժումը ցույց տվեց, որ Չինաստանի «մեկ երկիր՝ երկու համակարգ» բանաձևը չի արդարանում: Եվ անցած 15 տարիների ընթացքում եղած հակասաությունները քաղաքի և Չինաստանի միջև, որոնք հաջողվել է հարթել, Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո առանձնակի են սրվել: Երիտասարդ արմատականները սարսափով են սպասում 2047 թվականին, երբ Հոնկոնգը լիովին կանցնի Պեկինի իշխանության տակ: Երիտասարդները չեն ցանկանում ապրել մի երկրում, որը, իրենց կարծիքով, ավելի ու ավելի է նմանվում Մաո Ցզեդունի ժամանակների Չինաստանին:

Ուստի զարմանալի չէ, որ ընդդիմադիր ուժերը կիրակի օրը վստահ հաղթանակ տարան Հոնկոնգի պատգամավորների շրջանային խորհուրդների ընտրություններում: Ըստ նախնական տվյալների՝ ընդդիմադիրների վերահսկողության տակ են անցել 18 ընտրատեղամասերից 17-ը, 452 տեղերից՝ 278-ը, իսկ կենտրոնական իշխանության աթոռներից՝ 42-ը: Բավական է ասել, որ նախորդ ընտրություների արդյունքներով՝ իշխանամետ ուժերը վերահսկում էին շրջանային խորհուրդների 75 տոկոսը, այնպես որ ներկայիս արդյունքները նրանց համար աղետալի պարտություն էին: Շրջանային խորհուրդների պատգամավորները զբաղվում են տեղական հարցերով, սակայն դրանց է պատկանում Հոնկոնգի վարչակազմի ղեկավարին ընտրողների 117 տեղը:

Խաղաղ հակակառավարական ցույցերը Լիբանանում տեղի են ունենում հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ և բոլոր այն պաշտոնյաների դատական հետապնդում, որոնք խառն են կոռուպցիոն սխեմաներին: Հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, սակայն ցույցերը դրանից հետո չդադարեցին: Այժմ իրավիճակը, թեև հոկտեմբերյան օրերի համեմատ ավելի հանգիստ է, դեռևս մնում է անկայուն:

Անցած երեքշաբթի Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ պաշարել էին խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվեր: Ճանապարհներին կանգնեցվել էին բարիկադներ: Ակտիվիստները թույլ չէին տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին և բաց էին թողնում միայն ռազմական ու շտապ օգնության մեքենաները, նույնիսկ քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով:

Այդ օրը նախատեսված Էր խորհրդարանի նիստ, որում պետք Է ընդունվեին մի շարք օրենքներ, ներառյալ՝ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները: Նրանք մտավախություն ունեն, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին խառնված պաշտոնյաները և այդ կերպ խուսափել պատասխանատվությունից:

Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարներ հանելը, ինչը վկայում է արդեն խոր տնտեսական ճգնաժամի մասին:

Տեղացիների վկայությամբ՝ ցուցարարները պահանջում են անկախ, ապակուսակցական կառավարություն, որի դերը պետք է լինի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը։ Սակայն քաղաքական բանակցություններ ցուցարարների և երկրի նախագահի կամ խորհրդարանի նախագահի միջև չեն ընթանում, անորոշություն է և փակուղային իրավիճակ:

Ցույցերն ու անկարգությունները Իրանում շարունակվում են նոյեմբերի 15-ից և կապված են վառելիքի գների կտրուկ աճով: Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ունեցած տվյալների՝ Իրանում վերջին անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ: Միաժամանակ հաղորդվում է, որ զոհվածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ որոշ հաղորդագրություններում նշվում է 200 զոհի մասին: Անցած երեքշաբթի ՄԱԿ-ում Իրանին կոչ արեցին հրաժարվել հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառումից և վերականգնել ինտերնետ հասանելիությունը:

Բողոքի ցույցերն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ փողոց սկսեցին դուրս գալ կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում գործազրկությունից և կոռուպցիայից դժգոհ անձինք: Փաստացի ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ցույցերի ողջ ընթացքում զոհվել է ավելի քան 330 մարդ, զոհերը և՛ ցուցարարների շարքերից են, և՛ անվտանգության ուժերի աշխատակիցների: Տուժել է ավելի քան 15 հազար մարդ: Սա այս երկրում ցույցերի ամենախոշոր ալիքն է 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:

Բողոքի ցույցերը նոր ուժով սկսվեցին այս կիրակի: Բաղդադում անվտանգության ուժերը դարձյալ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ: Բացի այդ, բախումների հետևանքով հրազենային վիրավորում և վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ: Եվս երկու մարդ զոհվել է ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով Ում Քասր նավահանգստային քաղաքում: Այնտեղ վիրավորների քանակը կազմել է ավելի քան 70 մարդ:

Թեժ իրավիճակ է նաև հարևան Վրաստանում, որտեղ ընթանում է այսպես կոչված «Կողպեքների պատերազմը»: Անցած երկուշաբթի Վրաստանի խորհրդարանը նույնպես չկարողացավ վերականգնել աշխատանքը. ցուցարարները փակեցին օրենսդիր մարմնի շենքի բոլոր մուտքերը՝ մեծ կողպեքներ կախելով դռների և դարպասների վրա: Նրանք դժգոհ են, որ իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը տապալել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով և անցողիկ զրոյական շեմով: Բողոքավորները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել, քանի դեռ չեն կատարվի իրենց պահանջները:

Չափազանց լարված է մնում իրավիճակը Հարավային Ամերիկայում, որտեղ ընդվզումների ալիքը կարծես մի երկրից տեղափոխվում է մյուսը: Վենեսուելայում, Չիլիում և Բոլիվիայում դեռ իրավիճակը չկայունացած՝ այժմ էլ ընդվզման ալիքը հասավ Կոլումբիա:

Անցած հինգշաբթի ողջ Կալումբիայում գործադուլ, հանրահավաքներ և ցույցեր տեղի ունեցան: Քաղաքացիները դժգոհություն հայտնեցին նախագահ Իվան Դուկեի վարչակազմի վարած սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ ողջ երկրում գործադուլին մասնակցել է 2017 հազար մարդ: Իսկ ըստ EFE գործակալության տվյալների՝ ցուցարարների մեծ մասը ուսանողներ են: Նրանք փողոց են դուրս գալիս կաթսաներով ու թավաներով, որպեսզի աղմուկ ստեղծեն: Հինգշաբթի Բոգոտայում զանգվածային ցույցերի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 98 ցուցարարի բերման են ենթարկել: Պաշտպանության նախարար Կառլոս Հոլմս Տրուխիլիոն անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 20 մլրդ կոլումբիական պեսո (մոտ 5,8 մլն դոլար):

Այս իրավիճակում Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան հայտարարեց Կոլումբիայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին՝ նշելով, որ այդ որոշումը կայացրել է երկրի նախագահ Իվան Դուկեի խնդրանքով, որը հիմնավորել է այդ միջոցը քաղաքում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: