Հայերեն   English   Русский  

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մարզերում հանրային սննդի օբյեկտներին առնչվող օրինագծին


  
դիտումներ: 155

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող օբյեկտները և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հարկային օրենսգրքով սահմանվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, նաև բացառությունները: Առաջին ընթերցմամբ մենք մի քանի բացառությունների վերացում էինք առաջարկել, սակայն հանձնաժողովը հաստատեց դրանցից միայն մեկը, այն է՝ Երևան վարչական սահմանից դուրս հանրային սննդի օբյեկտները նույնպես դիտարկել որպես միկրոձեռնարկատիրություն, և մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատել տարբեր տեսակի հարկերից»,- ասաց Թանդիլյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը. առարկություններ չունեն՝ կապված նախագծի կարգավորման առարկայի հետ:

Թանդիլյանի և կառավարության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։ Օրենքի նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացության, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: