Հայերեն   English   Русский  

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուսանողների բողոքի ակցիան քաղաքական բնույթ ունի


  
դիտումներ: 155

Այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԵՊՀ–ում ռեկտորի աշխատասենյակի առաջ վաղ առավոտից նստացույց էին սկսել մի խումբ ուսանողներ: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նրանց հետ զրույցում ասաց, որ ինքը արդեն իսկ պատասխանել է նրանց նամակին:

«Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ կլինի նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր։ Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձևաչափ կա, ե՞րբ, ո՞ր դեպքում կարելի է հրավիրել։ Ես հղումն արել եմ, խնդրում եմ կարդացեք համալսարանի կանոնադրությունը և շարժվեք կանոնադրությունով»,– ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ գիտխորհրդի կազմի ուսանողներին և դասախոսներին ասել է, որ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ցանկալի է, որ կարծիք հայտնելուց անվանական լինի. «Խնդրում եմ, որ դասախոսները կարծիք են արտահայտում, չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին։ Գիտակից, չափահաս և բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժե, որ իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ մեկի մեկնաբանություն, մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի»։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ պահանջը պետք է ուղղված լիներ աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ որ բաներից դժգոհելուն, սակայն այստեղ պահանջն այլ է. «Ձեր պահանջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ-ին։ Դուք օրենքով ուզում եք ինչ որ բան ամրագրել, կարևոր չէ թե ինչ»։

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատարին ասաց, որ ակցիան ուղղված չէ, որևէ մեկի անձի դեմ։

«Ակցիան ուղղված չէ ռեկտորի դեմ, ոչ էլ Արայիկ Հարությունյանի կամ ԱԺ–ի ինչ որ խմբակցության դեմ։ Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել։ Ի սկզբանե մենք պահանջ բառն էլ չենք օգտագործել, մենք ասել ենք, որ խնդրում ենք համալսարանի ղեկավարությանը անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը։ Չգիտեմ ինչից է ստեղծվել այն տպավորությունը, որ պահանջը քաղաքական է»,– ասաց Գալստյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: