Հայերեն   English   Русский  

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող փոփոխված նախագծին


  
դիտումներ: 357

ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագծին: Նախագծում երկրորդ ընթերցմամբ արվել է փոփոխություն, որով ողջ հանրապետությունում երաշտ հայտարարելու դեպքում կառավարությանը հնարավորություն է տրվում դիտարկել լրացուցիչ ջրառի հնարավորությունը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց հեղինակ, հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Նախագծով ի սկզբանե առաջարկվում էր Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակում հաշվի առնելով պատգամավորների, կառավարության առաջարկներն ու մտահոգությունները, Կարապետյանը նախագծում ավելացրել է մեկ պարբերություն:

«Արդյունքում սահմանվում է, որ օրենքով սահմանված կարգով կառավարության որոշմամբ Հայաստանի ողջ տարածքում երաշտ հայտարարելու դեպքում կառավարությունը Սևանա լճի մասին օրենքով սահմանված կարգով կարող է ԱԺ-ին ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր: Վերջինս հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ»,-ասաց Կարապետյանն ու նկատեց՝ ստացվում է, որ իրենք համաձայնում են, որ կառավարությունը դիտարկի Սևանա լճից 107 մլն խոր. մետրից ավել ջրառը միայն այն դեպքում, երբ երաշտ լինի:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: