Հայերեն   English   Русский  

Զիրոն՝ ուսուցիչը, որ աշակերտներին սովորեցնում է սիրել իրենց սխալները


  
դիտումներ: 2532

«Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ սիրեն իրենց սխալները։ Չէ որ մարդ սխալվելով ու իր սխալները ճանաչելով է կատարելագործվում»,- ասում է նկարիչ, քանդակագործ, մանկավարժ Արթուր Զիրոյանը՝ Զիրոն։

Արթուր Զիրոյանին Մարտունիում շատերը գիտեն․ նրա ստեղծած խաչքարերից տեղադրված են քաղաքում,նրա աշխատանքները զարդարում են բազմաթիվ մարտունեցիների տները, իսկ նրա աշակերտները հաջողությամբ արվեստի բուհերեն ընդունվում։ Վերջերս տեղի ունեցավ Զիրոյի անհատական ցուցահանդեսը Մարտունու ավագ դպրոցում, որտեղ ներկայացված էին արվեստագետի վերջին շրջանի 60 աշխատանքներ։

Արթուր Գասպարյան

Զիրոն պատմում է, որ վերջին տասը ամիսներին տարված է լարային արվեստով (string art)․ գրաֆիկական պատկերներ է ստեղծում թելերով։ Եռաչափ աշխատանքները ոչ միայն յուրօրինակ են, այլ նաև դեկորատիվ կիրառություն ունեն։

Արթուր Գասպարյան

Ասում է, որ դեռևս տարիներ առաջ գրաֆիկական աշխատանքներ ստեղծելիս մտքում թելով պատկերը ստանալու գաղափարն ունեցել է, բայց, չգիտես թե ինչու, չի իրագործել։ Փոխարենը, երը 10 ամիս առաջծանոթացել է լարային արվեստի ժամանակակից աշխատանքներին, ուսումնասիրել արվեստի այս ճյուղը, միանգամից սիրահարվել է։ Զիրոյի խոսքով՝ առանց մտածելու՝ պահանջված կլինի արդյոք իր ստեղծածը կամ որքանով կընդունվի, սկսկել է ստեղծագործել։ Սկզբում վերարտադրություններ է իրականացրել, ապա սկսել է տարբեր ոճեր համադրել։ Այժմ նաև ինքն է թելով եռաչափ գրաֆիկական աշխատանքներ ստեղծում։

Զիրոն ուրախությամբ նշում է, որ ի զարմանս իրեն իր եռաչափ գրաֆիկական աշխատանքները հետաքրքրություն են առաջացրել հանրության շրջանում։ Պատմում է, որ ցուցահանդեսի ժամանակ շատերն են աշխատանքներն ուսումնասիրելուց հետո իրեն հարցուփորձ արել, հիացմունքի խոսքեր ասել։ «Խնդիրն այն է, որ շատերը փորձում են արվեստի գործը հասկանալ։ Նման պարագայում ասում եմ՝ պարզապես վայելեք գույնի և ձևի համադրությունը»,- ասում էնա։ Զիրոն նաև հավելում է, որ գույների ընտրության հարցում իր անփոխարինելի օգնականն է իր կինը՝ Գոհարը։ Ասում է, որ նրա առաջարկները երբեք չի մերժում, քանի որ դրանք իր աշխատանքները միշտ ավելի լավն են դարձնում։

Արթուր Գասպարյան

Մասնագիտության ընտրության մասին խոսելիս Արթուրն ասում է, որ այն ժամանակ գումար վաստակելու և կենցաղային հարցերի մասին չի մտածել, առաջնորդվել է միայն իր նախասիրություններով։ Պատմում է, որ դպրոցական տարիներին գերազանց առաջադիմություն ուներ և կարող էր ընտրել ցանկացած մասնագիտություն։ Սակայն շատ էր սիրում նկարել։ Ու երբ նկարչական դպրոցում ընդունելություն են հայտարարում, նա ցանկություն է հայտնում ուսանելու։ Դպրոցն ավարտելուց հետո էլ ուսումը շարունակում է Մանկավարժական ինստիտուտում։

Նրա խոսքով՝ իդեալական տարբերակում ինչպես թռչունն է միայն թռչում, այնպես էլ նկարիչը պետք է միայն նկարի։ Սակայն իրական կյանքում այդպես հնարավոր չէ․ կենցաղը, ապրուստ հոգալու անհրաժեշտությունը նկարչին հաճախ կտրում են իր սիրելի զբաղմունքից։Հիշում է, որ ընտանիքի ապրուստը հոգալու համար արել է հնարավոր ամեն աշխատանք, անգամ բանվորությամբ է զբաղվել, իսկ արվեստին հատկացրել է իր ազատ ժամանակը․ չստեղծագործել պարզապես չի կարող։

Արթուրն ասում է, որ մարզային փոքրիկ բնակավայրում արվեստն առանձնապեսպահանջված ու գնահատված չէ։ «Նախկինում մեղադրում էի հասարակությանը, հետո՝ ինձ, բայց հիմա այլևս ոչ մեկին չեմ մեղադրում։ Պարզապես ընդունել եմ իրողությունը և ստեղծագործում եմ»,- ասում է նա՝ հավելելով, որ հասկացել է՝ նկարչին ստեղծագործելու համար պետք են նաև առօրյա հոգսերը․ դրանք յուրահատուկ ձեռագիր են ստեղծում, հնարավորություն են տալիս տեսնել այն, ինչը չէր տեսնի ապահովված ու ապրուստի խնդիր չունեցող անձը։

Հարցին, թե չի մտածել երբևէ օրինակ՝ Երևանում ապրելու մասին, որտեղ արվեստն ավելի պահանջված է, ասում է, որ իր ծննդավայրը Մարտունին է, և չի էլ մտածում այլ վայրում ապրելու մասին։ Ասում է, որ արվեստը պետք է բոլորին՝ անկախ բնակության վայրից, պարզապես պետք էսկսած դպրոցական հասակից կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնել, արվեստը ճիշտ լույսի ներքո ներկայացնել։

Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ Զիրոն ասում է, որ վստահաբար շարունակելու է զարգացնել լարային արվեստը՝ փորձելով իր խոսքը, ձեռագիրն ունենալ արվեստի այս ճյուղում։ «Մանավանդ, որքան ես գիտեմ, Հայաստանում շատ քիչ մարդիկ են արվեստի այս ճյուղով զբաղվում»,- ասում է նա։

Արթուր Գասպարյան

Ասում է, որ օգտվելով ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից՝ ուզում էիր արվեստը հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և եվրոպական երկրներում։ Միևնույն ժամանակ ասում է, որ ինքը միայն արվեստագետ է և արտ-դիլերի կարողություններ և հմտություններ չունի, ոչ էլ ցանկանում է ստեղծագործելուց բացի այլ, հատկապես ֆինանսականհարցերով զբաղվել։ «Այժմ փնտրում եմ արտ-դիլերների, որոնք կստանձնեն այդ պարտականությունը։ Իսկ մինչ այդ ընկերներս խոստացել են օգնել ինձ իմ աշխատանքները միջազգային ասպարեզում ներկայացնելու հարցում»,- ասում է նա։

Լուսանկարները՝ Արթուր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Արթուր Գասպարյան

Արթուր Գասպարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: