Հայերեն   English   Русский  

​«Հայ ժողովրդի ճակատագիրը դարձավ իմ արվեստի հենքը, իմ պայքարի և գոյության իմաստը». այսօր գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 899

«Ինձ արվեստագետ նկարիչ են անվանում, այսպիսին է իմ մասնագիտությունը, և ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, ես էլ առիթից առիթ ցանկություն եմ ունենում հեռվից դիտելու, օտարի աչքերով նայելու իմ ստեղծագործությանը, տեսնելու թերին և անելիքը:

Երբ երիտասարդ էի, ինձ թվում էր, թե իմ ստեղծագործությունների հիմքում հիմնականում ընկած կլիներ քնարական թեման, և կնվիրվեմ սիրո, գարնան, ռոմանտիկ ու խաղաղ կյանքի պատկերին, մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ հոգուս խորքում թաքնված են ուրիշ ցանկություններ»,- պատմել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:

Գրիգոր Խանջյան

Այսօր հայ անվանի նկարիչ, գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչը կդառնար 93 տարեկան։

Խանջյանը գեղանկարչության ժանրում ներկայացել է թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով։ Կտավները հիմնականում պատկերում են գյուղական կյանքն ու առօրյան («Սևանի ձկնորսները»):

Գրիգոր Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Նա Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը։

Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» վարագույր-գոբելենը:

Հայ անվանի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին նոյեմբերի 26-ին, Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թթ), որտեղ ուսանել է Արա Բեքարյանիև Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հակական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թ արժանացել է Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1962 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963թ ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով:

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թ), «Երևանի կառուցողները» (1960 թ) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962 թ, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։

Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լռեցի Սաքոն» (1956 թ), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958 թ), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970 թ), «Սասունցիների պարը» (1975 թ) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965 թթ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են' գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977 թ), «Հայոց այբուբեն» (1981 թ), «Վարդանանք» (1983 թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը' հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս.Մեսրոպ Մաշտոցին' այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։

Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալէ մահ է, մահ իմացեալ' անմահութիւն է» խորհուրդը ։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար Վարդան Մամիկոնյանը' աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող Ղևոնդ Երեցիֆիգուրը։

Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5 մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։ Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով' շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։

Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր», «Արարատ», «Եկայք' շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։

«Հայ ժողովրդի ճակատագիրը դարձավ իմ արվեստի հենքը, իմ պայքարի և գոյության իմաստը»,- ասել է նկարիչը:

«Ամբողջ կյանքս անցել է քաղաքում, բայց գեղանկարչական գործերս նվիրված են գյուղի կյանքին, գյուղի մարդկանց: Դժվար է բացատրել»,- անկեղծացել է նկարիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: