Հայերեն   English   Русский  

Ռեժիսոր Փարաջանովն ամբողջ կյանքում նախանձել է խելացիներին և տաղանդավորներին. «Էքսպրես գազետա»-ի անդրադարձը


  
դիտումներ: 4213

Ֆելինին Սերգեյ Փարաջանովի մասին ասել է․ «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։

Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր․ «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից։

«Նոր սովետական ալիքի» եւ պոետիկ կինեմատոգրաֆի ականավոր հիմնադիր, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն աշխարհին հայտնի դարձավ «Մոռացված նախնիների ստվերները» (1965) եւ «Նռան գույնը» (1968) ֆիլմերից հետո, որտեղ միահյուսվել են պոեզիան, նկարչությունը:

փարաջանով

Սակայն ոչ պակաս հետաքրքիր են Փարաջանովի կոլաժներն ու նկարները, որոնցում նա պատկերել է այն, ինչ ժամանակի ընթացքում հայտնվել է էկրանին: Հատկապես դրանցից շատերը ստեղծվել են ռեժիսորի կողմից այն տարիներին, երբ նրան թույլ չեն տվել նկարել, գրում է «Էքսպրես գազետա» թերթը(https://www.eg.ru/culture/811481-rejisser-paradjanov-vsyu-jizn-zavidoval-umnym-i-talantlivym-055970/) :

«Մի անգամ Վրաստանում մեզ այցելեց իտալացի գրող, նկարիչ եւ սցենարիստ Տոնինո Գուերրան: Գուերրան իր հետ նվեր էր բերել՝ հանճարեղ Ֆելլինիի 15 նկարները ինքնագրերով: Նրանք, ում քեռին ցույց էր տալիս այդ նկարները, ասում էին. «Վաճառիր դրանք մեզ»: Քեռին միանգամից կողմնորոշվում էր եւ պատասխանում. «Խնդրեմ, 700 ռուբլի, եւ նկարը ձերն է»: Ֆելլինիի աշխատանքներն ակնթարթորեն գնում էին:

Գումարը Սերգեյ Իոսիֆովիչը տալիս էր մորս, այսինքն՝ իր քրոջը: Իսկ երբ Տոնինոն նրան հարցնում էր, թե ուր են նկարները, քեռին պատասխանում էր. «Ես դրանք հանձնել եմ շրջանակելու համար»:

Եվ ժպիտով հավելում էր. «Շնորհակալություն հայտնեք Ֆելլինիին, հաջորդ անգամ պարզապես դատարկ թղթեր բերեք նրա ստորագրությամբ, 50 հատ, մնացածը ես կնկարեմ»,- հիշում է Փարաջանովի զարմիկ Գեորգին, որը եւս կինոռեժիսոր է:

Սակայն Գուերրան բերում էր ոչ թե նկարներ, այլ ժամացույցներ: Ընդ որում, նախ «Ֆելլինիի» ժամացույցը չէին ցանկանում գնել: Իսկ Փարաջանովը, ինչպես նշում է Գեորգին, բառացիորեն նույն պահին պատմություն էր հորինում. «Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ դրանք Մուսսոլինիի ժամացույցներն են»: Եվ այդ ժամանակ սկսվում էր կռիվը հազվագյուտ իրի համար: «Իսկ եթե նրանք իմանա՞ն, որ դա սուտ է»,- Փարաջանովին հարցնում էր Գեորգին, ինչին նա ժպիտով պատասխանում էր. «Իսկ դու փորձիր ապացուցել, որ ես սուտ եմ ասել»:

«Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին, եւ գրավիչ դարձա, խելացիներին էի նախանձում, եւ անկանխատեսելի դարձա, տաղանդավորներին էին նախանձում, եւ հանճարեղ դարձա»,- չէր հոգնում կրկնել Սերգեյ Փարաջանովը:

Երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, նրան վիրահատեցին Մոսկվայում, եւ երբ նա Վրաստան վերադարձավ, նրա ինքնազգացողությունը կրկին վատացավ: Եվ նա որոշեց Հայաստան մեկնել: Այդ ժամանակ մետաստազներն արդեն ներթափանցել էին բոլոր օրգանները:

«Վերջին օրերին ես հոգ էի տանում նրա մասին, լողացնում էի, կերակրում, զբոսնում էինք այգում: Կինը՝ Սվետան, Ուկրաինայից եկավ տեսակցելու նրան: Ապա Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանը քեռիի հետեւից ինքնաթիռ ուղարկեց, որպեսզի նա այնտեղ բուժում ստանա:

Սակայն արդեն ուշ էր: Փարիզի կլինիկայում, որտեղ ժամանակին բուժում էր ստանում Տարկովսկին, նրան միայն կաթիլային միացրեցին եւ ուղարկեցին: Ոչ ոք չէր ցանկանում, որպեսզի նա իրենց մոտ մահանա: Մենք նրան հուղարկավորեցինք կոստյումով, որը նա պատվիրել էր լավ դերձակի մոտ Ֆելլինիի համար, սակայն այդպես էլ չէր կարողացել այն նվիրել»,- պարբերականը մեջբերում է ռեժիսորի զարմիկի խոսքը:

Հիշեցնենք, որ հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946թ., ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:

1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։

Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում:

Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: