Հայերեն   English   Русский  

ես վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու. Ալեն Սիմոնյան


  
դիտումներ: 77

Ես վստահ եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հայցեր են լինելու նախկին իշխանության օրոք իրականացված գործողությունների հետ կապված, որոնք անօրինական են եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարչական դատարան ներկայացրած Ջհանգիրյանի հայցին, որով նա պնդում է, որ ապօրինի են իրեն աշխատանքից ազատել և կոչումներից զրկել։

«Եթե խախտվել է որևէ օրենք, այն պետք է վերականգնվի, և ես վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հայցեր են լինելու նախկին իշխանության օրոք իրականացված գործողությունների հետ կապված, որոնք անօրինական են եղել։ Եվ դա լավ է, թող բոլոր հարցերի պատասխանները հնչեն, որ մեր հանրության օրակարգից դուրս գա, արդյոք աշխատանքից ազատումը եղել է տեղին, թե ոչ»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ Ankakh.com-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։

Հիշեցնենք, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։ Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։

Դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: