«Դա խեղկատակություն է». 10 միլիոնի դիմաց՝ 1 ամսով ծառայելու նախագիծ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը քննադատության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, քանի որ գրեթե բոլորն են հասկանում, որ չավարտված պատերազմի և ամեն վայրկյան սպառնացող վտանգի պայմաններում նման նախաձեռնությունը, մեղմ ասած, տեղին չէ:
Ինքը՝ պատգամավորը, համոզված է, որ իր նախաձեռնությունը կնպաստի ծառայության պատճառով արտագաղթածների վերադարձին, կկանխի նոր արտագաղթը, իսկ վճարվող գումարներով ՀՀ պաշտպանության նախարարությունը կներգրավի պայմանագրային զինծառայողներ:
Հանրային խորհրդի անդամ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը: Նա կարծում է, որ մեր երկրում ծառայությունը պետք է լինի բոլորի համար հավասար պայմաններով. «Մեր երկրում բոլորը պետք է ծառայեն: Իսկ արտագաղթողը օրենքի դեպքում էլ կարտագաղթի, դա լուծում չի»:
ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ազատամարտիկ, Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանը նույնպես դեմ է օրենսդրական նախաձեռնությանը: Ասում է՝ զինվորական նվազագույն պատրաստությունը պետք է լինի առնվազն 6 ամիս: «Որպես ի՞նչ մեկ ամիս ծառայի: Ոնց որ մենք մեզ ձեռ առնենք, աշխարհում նման պրակտիկա չկա, ես նման բան չեմ տեսել։ Եթե բյուջեի հետ կապված հարց է, դա ուրիշ խնդիր է, թող այդ խնդիրը փորձեն ուրիշ ձևով լուծել, բայց քաղաքացին իր պարտքը պետք է կատարի: Դա խեղկատակություն է։ Ես մարտական գործողություններին մասնակից եմ եղել, ազատամարտիկ եմ եղել, գիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Աստված չանի, եթե պատերազմ սկսվի, զորահավաք լինի, էդ մեկ ամսով ծառայածը ի՞նչ կարող է անել։ Դա սխալ նախաձեռնություն է»,-ամփոփեց Գեղամ Օհանյանը։
Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանն էլ կարծում է, որ եթե նման նախաձեռնություն է բերվում, պետք է լուրջ հիմնավորումներ ունենա, լուրջ հետազոտություններ ու վերլուծություններ արվեն դրա արդյունքների ու հետևանքների մասին, իսկ ամենակարևորը՝ պետք է կանխատեսել, թե ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ մեր անվտանգության տեսանկյունից:
Գևորգ Մկրտչյանը ժամանակին ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է իր նախաձեռնած «Համահայկական բանակ շարժում» ծրագիրը, որի շրջանակներում նաև ռազմական պատրաստության, քաղաքացիական պաշտպանության դասընթացներ են կազմակերպվել գիտական կամ առողջական խնդրների պատճառով չծառայած երիտասարդների համար, աղջիկների համար, սփյուռքի երիտասարդների համար:
«Քանի որ սփյուռքում շատ եմ եղել ու շփվել շատերի հետ, որոնք գնացել են ու ծառայության պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, կարող եմ ասել, որ այո, այստեղ միանշանակ խնդիր կա: Մենք բավականին թեժ բանավեճեր էինք ունենում այդ երիտասարդներին արտոնություններ տալու հետ կապված և այն ժամանակ եկանք այն եզրակացության, որ պետությունը պետք է կանոնակարգի այդ խնդիրը, վերապատրաստման հնարավորություն տա, և որոշակի ծառայություն, որոշակի գումար վճարելուց հետո այդ երիտասարդներն ազատվեն քրեական հետապնդումից: Եթե այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերեր միայն դրսում ապրողներին, ապա այո, կարելի էր դա քննարկել, բայց եթե վերաբերում է Հայաստանում ապրողներին, դա ոնց որ կոչ լինի՝ վճարե՛ք ու խուսափեք ծառայությունից»: