Հայերեն   English   Русский  

​Բողոքի ցույցերը Ֆրանսիայում ամենածավալունն են 2010 թ. ի վեր


  
դիտումներ: 202

Երեկ Ֆրանսիայում համազգային գործադուլի շրջանակներում սկսված բողոքի ցույցերի աշխարհագրական ընդգրկումը (ընդհուպ շատ փոքր քաղաքներում) և ցուցարարների ակտիվությունը շատ բարձր աստիճանի են եղել: Այս տեղեկությունը հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով «Մոնդ» թերթին:

«Մոնդը» գրում է, որ ցույցերի մասնակիցների մասին արհմիությունների և ոստիկանության վիճակագրական տվյալները տարբերվում են, հաճախ՝ զգալիորեն: Հանրահավաքների կազմակերպիչները սովորաբար պաշտոնականից ավելի բարձր թվեր են ներկայացնում: Բայց այս անգամ նույնիսկ ոստիկանության ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ ֆրանսիական հասարակության ընդվզման ալիքը շատ բարձր է եղել:

Ֆրանսիայի ավելի քան 100 քաղաքներում ավելի քան 800 հազար մարդ է մասնակցել թոշակային բարեփոխման դեմ բողոքի ցույցերին:

«Սա շատ հզոր համախմբում է թե՛ պետական հատվածում, թե՛ մասնավոր»,- մեջբերում է թերթը Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեսի խոսքը:

Ֆրանսիական մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիերի» առաջնորդ Իվ Վեյրյեի կարծիքով՝ այսպիսի ակտիվությունը «հազվադեպ թափ է, որ չի եղել 1995 և 2010 թվականներից»:

«Մոնդը» օրինակներ է բերում երկրի մի շարք քաղաքների ցուցարար ֆրանսիացիների թվաքանակի պաշտոնական գնահատականներից: Մոտ 65 հազար մարդ փողոց է դուրս եկել Փարիզում, 33 հազ. մարդ մասնակցել է Տուլուզի ցույցերին, 25 հազ.՝ Մարսելում, 20 հազ.՝ Բորդոյում, 19 հազ.՝ Նանտում, 15 հազ,՝ Կլերմոն Ֆերրանում, 12-13 հազ.՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում, առնվազն 10 հազ.՝ Տուրում, Ռեննեում, Բրեստում, Սենտ Էտյենում, 9-հազարական՝ Ստրասբուրգում, Պերպինյանում, Լիմոժում, Սեն Նազարեում և Կաննում:

Տնտեսության ամբողջ ճյուղեր և տարբեր մակարդակների վարչակազմեր երեկ աշխատել են խիստ արգելակված կարգով, երթևեկությունը գրեթե խափանված է եղել:

Բարեփոխումը, որի պատճառով են ֆրանսիացիները դուրս եկել փողոցներ, նպատակ ունի, մասնավորապես, վերացնել թոշակի հատուկ կարգերը մի շարք մասնագետների համար, որոնք հնարավորություն էին տալիս վաղ թոշակի գնալ կամ բարձր թոշակ ստանալ աշխատանքի ծանր պայմանների հիմքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: