Այդ զինատեսակներից ադրբեջանցի զինվորներն էլի են թողել մեզ մոտ. ՊՆ խոսնակ
«Այն, որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել, մեզ չի զարմացնում. քսան տարուց ավելի նույն գործելաոճն է: Ցուցադրված զինատեսակից ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն էլի են թողել մեզ մոտ: Իսկ հերքելուց առաջ նրանց խորհուրդ կտանք հիշել այն տեսանյութերը, որոնցում իրենց նախարարն ու հրամանատարությունը նույն զինատեսակներով հիանում էին ցուցադրությունների ժամանակ: Իհարկե, նրանք կհերքեն նաև զոհերը, որի համար մենք կրկին ափսոսում ենք. ափսոսում ենք սեփական բնակչության նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության անարգանքի համար: Իհարկե, նրանց համար ավելի հեշտ է թաքցնել հատուկ ստորաբաժանումների կորուստները, սակայն դա հնարավոր չէ կատարել միշտ:
Մեր զինվորներն ինչպես միշտ իրենց խնդիրը փայլուն են կատարել, ցուցաբերել են անօրինակ քաջություն՝ ծանր վիրավոր վիճակում անգամ շարունակելով մարտը և փախուստի մատնելով հակառակորդին: Սա հայ զինվորի մշտական գործելաոճն է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խորը վիշտ է ապրում մեր զոհված տղերքի ընտանիքների, հարազատների հետ միասին: Հաստատում ենք նաև, որ ադրբեջանական կողմի ջղաձիգ գործողությունները լիովին վերահսկում ենք»: