Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակայի հետ


  
դիտումներ: 590

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա է համագործակցության խթանման մեծ ներուժ, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Ուրվագծվեցին երկկողմ օրակարգի հարստացման և քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: