Հայերեն   English   Русский  

Երևանի պատմության ամենաթանկ Ամանորը․ կծախսվի 680 000 դոլար, որից 290 000-ը՝ Բրեգովիչի համերգի և տոնածառի լույսերը վառելու համար. 2014-2017-ին Ամանորի համար ծախսվել է 235-400 000 դոլար


  
դիտումներ: 402

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հզր դոլար, ընդհանուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հզր դոլար։

Նշենք, որ 2014 թվականին Ամանորի միջոցառումների համար հատկացվել է 113 մլն 120 հզր դրամ,

2015-ին՝ 136 մլն 141 հզր ՀՀ դրամ,
2016-ին՝ 157 մլն 180 հզր ՀՀ դրամ,
2017-ին՝ 192մլն 478 հզր դրամ,
2018-ին՝ Հայկ Մարությանի օրոք՝ այդ գումարը կազմել է 222 մլն 351 հզր դրամ,
2019-ին՝ 325 միլիոն դրամ:

Երևանի քաղաքապետարանը այս տարի 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է գնումների ընթացակարգից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Մոտ 138 մլն դրամի մատակարարը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն է:

Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով։ Ըստ այդմ՝ «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան մանկական համերգը:

Տարեմուտի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և իր նվագախմբի կամ այլ համարժեք արտիստի մասնակցությամբ շուրջ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ:

Երաժիշտն ու անձնակազմը Հայաստան կժամանեն դեկտեմբերի 30-ին, Հայաստանից կմեկնեն հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ՝ 11 անձ է ժամանելու ՀՀ, որոնցից 2-ի ավիատոմսերը բիզնես դասի են:

Բոլոր անձանց կեցությունը կապահովվի 5 աստղանի հյուրանոցում:

Մինչ տարեմուտի գիշերը լինելու է նաև 20 րոպե տևողությամբ մյուզիքլ: Մյուզիքլի իրադարձությունների տրամաբանական զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 80 երգիչների և պարողների մասնակցությունը:

Այդ գումարով ապահովելու է նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվելու է տեսանյութ՝ Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ:

Նշենք նաև, որ 2020-ի հունվարի 5-ին մանկական համերգ է լինելու Հանրապետության Հրապարակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: