Հայերեն   English   Русский  

Քննարկվել են տուբերկուլոզ հիվանդության կանխմանն ու բուժմանն առնչվող հարցեր


  
դիտումներ: 164

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տուբերկուլոզի ազգային հակազդումը, տուբերկուլոզին առնչվող խնդիրները Հայաստանում, տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումը» թեմայով։

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ տուբերկուլոզը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է։ Նա կարեւոր է համարել միջազգային կառույցների աջակցությամբ համատեղ պայքարը հիվանդության կանխման, տարածման եւ զարգացման դեմ՝ մինչեւ դրա վերացումը մեր երկրում։ Նարեկ Զեյնալյանի հավաստմամբ՝ եթե 90-ականներին մեծ տարածում էր գտել այս հիվանդությունը, ապա ձեռնարկված առողջապահական միջոցառումների արդյունքում՝ վերջին տարիներին գրանցվել է հիվանդացության նվազում։ Պատգամավորն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀԿ-ների եւ մյուս շահագրգիռ կողմերի, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ գործակցության, ինչպես նաեւ տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկման կարեւորությունը։

Վրաստանի խորհրդարանի նույնանուն մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիդզեն կարեւորելով տարածաշրջանային համագործակցությունը՝ նշել է, որ ներդրված ջանքերի շնորհիվ երկու երկրները գրանցել են լավ ցուցանիշներ, փաստագրել հիվանդացության եւ մահացության դեպքերի նվազում։ Նա շեշտադրել է խորհրդարանականների դերը՝ հիվանդության վերացման համար բյուջետային գումարների ավելացման հարցում։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը նշելով, որ տուբերկուլոզը գալիս է անտիկ ժամանակաշրջանից՝ նույնպես կարեւոր է համարել դրա դեմ համալիր ու համատեղ պայքարը։ Նա հույս է հայտնել, որ մինչեւ 2030թվականը հիվանդությունը կհաղթահարվի մեզանում։

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը խոսել է հիվանդության դեմ պայքարի ձեռքբերումներից։ Ըստ նրա՝ սկսած 2000թվականից տուբերկուլոզի նվազման միտում է գրանցվել։ Նա մատնանշել է միջազգային կառույցների եւ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, ինչը շարունակական բնույթ է կրում։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ բուժման համար նոր դեղամիջոցներ են կիրառվում, վերջ է տրվել անհարկի հոսպիտալացմանը, գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագիրը, ինչպես նաեւ տարեցտարի ավելանում են բյուջետային հատկացումները՝ հիվանդության կանխման եւ բուժման համար։

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի ազգային կենտրոնի ղեկավար Լյուբով Նիկոլայան ներկայացրել է հիվանդության իրավիճակը երկրում, տեղեկացրել, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ 2008-2018թթ- հիվանդացության եւ մահացության նվազում է գրանցվել։ Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը բարելավվել է, սակայն մանկապատանեկան հասակում հիվանդացության դեպքերի աճ է գրանցվել։

Տեսակետներ են ներկայացրել նաեւ հկ-ների ներկայացուցիչները։ Նարեկ Զեյնալյանն ու ներկա պատգամավորներն ստորագրել են Բարսելոնյան դեկլարացիան, որը հավաստում է հիվանդության դեմ պայքարի կարեւորությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: