Հայերեն   English   Русский  

Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ


  
դիտումներ: 465

Թումանյանը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ միշտ առանձնահատուկ համակրանք էր տածում.

«Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»,- ասել է Թումանյանը:

2019 թվականին լրացավ հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։

Հովհաննես Թումանյանն ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ:

Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:

Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի և ՀՀ պետական և հասարակական հաստատությունների հետ, 2019 թվականին իրագործեց Մեծն Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Հոբելյանական միջոցառումների ավարտ կդառնա Հովհաննես Թումանյանին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը, որը տեղի կունենա Վրաստանի Մշակույթի նախարարության հանդիսությունների սրահում:

Այդ գրքերն են «Տասը հեքիաթ» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն, «Թումանյան-150» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն և «Հովհաննես լուսեղեն» գիրքը՝ վրացերեն:

«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի այն չորս հեքիաթները, որոնք թարգմանվել են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից, ավելացված ևս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը:

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը աջակցել է նկարազարդման աշխատանքներին: Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան և Շորենա Չաչանիձեն:Վրաստանում իրականացվող աշխատանքները համակարգել է Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը:

Հովհաննես Թումանյանի «Տասը հեքիաթ» ժողովածուում վրացերեն գրքի հեքիաթների թարգմանության, հրատարակության և տպագրության աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է Երևանի Թումանյանի թանգարանը:

«Թումանյան-150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի Մշակույթի նախարարության «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում, Վիրահայոց թեմի և Վրաստանի գրողների միության «Թումանյան-150» նոր թարգմանությունների գրքի կազմման և տպագրության նախագծով, որի հեղինակներն են Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն»

գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատու՝ Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյան: Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն:

«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել Հովհ. Թումանյանի՝ Վրաստանին և վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի բարեկամների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները:

Գիրքը կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը: Գիրքը տպագրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության, Վիրահայոց թեմի և անհատ բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով:

Տպագրության և հրատարակության աշխատանքները կազմել և համակարգել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում գտնվող նրա տունը, որտեղ բանաստեղծ ապրել է իր բազմանդամ ընտանիքով, այժմ հայկական մշակույթի կենտրոնն է:

Թբիլիսիում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տունը Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնի վերածելու հիմնական նպատակն է վերականգնել տան բարի ավանդույթները, որը եղել է սիրո և բարեկամության օջախ: Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը բացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին և այդ պահից ի վեր այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրական քննարկումներ և շնորհանդեսներ, ինչպես եղել է նախկինում Հովհաննես Թումանյանի տանը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տունը եղել է ոչ միայն Թումանյան ընտանիքի օջախը, այլև կարևոր հասարակական, գրական, մշակութային օջախ ողջ Անդրկովկասի համար: Այդ տան մշտական հյուրերն են եղել Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և այլք:

Թումանյանի տուն

Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը գտնվում է Ամաղլեբա փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծն ընտանիքի հետ 1909 թ. տեղափոխվել է Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ էլ Հովհաննես Թումանյանն ապրել է մինչև կյանքի վերջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: