Հայերեն   English   Русский  

​Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում…


Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը


  
դիտումներ: 757

Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը թարգմանվել և հրատարակվել է Newmag ընկերության կողմից:

2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:

Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշոկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։

«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը:

«Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,-ասաց նա:

Գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ. կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանանը կարևորեց նման գրքերի հայերեն հրատարակումը: «Մենք ցանկացանք հայալեզու ընթերցողին հասանելի դարձնել մեծ հայի, մեծ ֆրանսիացու ստեղծագործությունները»,-շեշտեց նա:

«Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում:

Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է և մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,-իր խոսքում նշել է Հրայր Ասլանյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, որ գրում էր գրքեր, այլ հենց գրող էր:

NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: «Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոք պահին (հեղ. խոսքը Սպիտակի երկրաշարժի մասին է), նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»,-եզրափակեց նա:

Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Սարգսյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: