Հայերեն   English   Русский  

Brexit-ի շուրջ կենտրոնացած օն-լայն քարոզարշավն ավարտին է մոտենում․ բրիտանացիները կորոշեն իրենց երկրի և ԵՄ ապագան


  
դիտումներ: 564

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք բախտորոշ կլինեն ոչ միայն Միացյալ Թագավորության, այլ նաև Եվրոպական միության համար․ ընտրությունների արդյունքները կկանխորոշեն Brexit-ի հետագա ընթացքը։

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ քարոզարշավի առաջատարը Պահպանողական կուսակցությունն է գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ։ Նրանց սատարում է ընտրողների 41-45 տոկոսը։Երկրորդ տեղում Լեյբորիստներն են Ջերեմի Կորբինի գլխավորությամբ։ Նրանք վայելում են ընտրողների 28-33 տոկոսի աջակցությունը։ ԵՄ կողմնորոշում ունեցող լիբերալ-դեմոկրատներն ունեն 15 տոկոսի աջակցությունը։ Մասնագետների կարծիքով, սակայն, այս ցուցանիշները դեռևս կարող են փոխվել, ավելին, հնարավոր է, որ ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ չստանա անհրաժեշտ մեծամասնությունը։

Հարցումները ցույց են տալիս, որ ամեն 5-րդ քաղաքացին դեռևս կողմնորոշված չէ, թե ումն է ընտրելու։ Եվ այդ չկողմնորոշված ընտրազանգվածի քվեների համար էլ պայքարում են քաղաքական ուժերը։ Ընտրությունների վերջին օրերին թե Ջոնսոնը, թե Կորբինը ակտիվորեն շրջում են ընտրական տարածքներով, շփվում են քաղաքացիների հետ, հիշեցնում իրենց խոստումների մասին։

Ի՞նչ են խոստանում ընտրողներին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառը Brexit-ն է։ Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ իր կուսակցությունը մեծամասնություն կստանա խորհրդարանում և կվավերացնի համաձայնագիրը, որն ինքը կնքել է ԵՄ-ի հետ։

«Իմ առաջարկի առավելությունն այն է, որ այն թույլ է տալիս ավարտին հասցնել Brexit-ը, խորհրդարանին ազատում է հետագա քննարկումներից, դադարեցնում է վեճերը և մեզ առաջ է տանում»,- հայտարարել է Ջոնսոնը։

Ջերեմի Կորբինն իր հերթին խոստանում է մեծամասնություն ստանալու դեպքում ԵՄ-ի հետ առավել շահեկան համաձայնագիր կնքել, իսկ դրանից հետո Brexit-ի հարցը նորից հանրաքվեի դնել՝ հանրությանը վերջնական խոսք ասելու հնարավորություն ընձեռելով։

քարոզարշավ Մեծ Բրիտանիայում

«Ոչ ոք չի քվեարկել աշխատանքը կամ ԵՄ-ի հետ ազատ առևտուրը կորցնելու օգտին։ Մարդիկ քվեարկել են այլ պատկերացումներ ունենալով։ Ժամանակնէ, որ միասին հավաքվենք և վերջ տանք այս հարցին։ Բայց չձգտենք ԱՄՆ-ի հետ համանման պայմանագիր կնքելուն»,- հայտարարել է Կորբինը վերջին հեռուստաբանավեճի ժամանակ։

Լիբերալ-դեմոկրատներն էլ խոստանում են մեծամասնություն ունենալու դեպքում չեղարկել Brexit-ը, որպեսզի Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում։

Նշենք, որ Brexit-ն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։ Նախկին վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տվեց, քանի որ նրա առաջարկած համաձայնագիրը խորհրդարանը մի քանի անգամ մերժեց։ Բորիս Ջոնսոնն էլ դեռևս չի կարողացել կատարել իր խոստումները․ ԵՄ կազմից դուրս գալու վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։

Քարոզարշավ«առանց կանոնների»

Մեծ Բրիտանիայում նախընտրական քարոզարշավն այս անգամ անցնում է «վայրի Արևմուտքի օրենքներով», կարծում են բրիտանացի փորձագետները։ Նման բնորոշման պատճառն այն է, որ քարոզարշավն այս անգամ գերազանցապես կենտրոնացած է օն-լայն տիրույթում, մինչդեռ բրիտանացի օրենսդիրները համապատասխան օրենսդրական փոփոխություններ դեռ չեն իրականացրել, ուստի և նախընտրական քարոզարշավը կանոնակարգող դրույթներն այս տիրույթում արդյունավետ չեն գործում։

BBC-ի հաղորդմմամբ՝ գործող խիստ կանոնները նախկինում ապահովում էին, որ քարոզարշավը լինի հնարավորինս թափանցիկ, քաղաքական ուժեր մրցեն գաղափարներով և ծրագրերով, ոչ թե նախընտրական բյուջեով։ «Արդյունքում բրիտանացիների 90 տոկոսը հավատում էր, որ ընտրություններն արդար են եղել»,- գրում է թերթը՝ հավելելով, որ այս անգամ իրավիճակն այլ է։ Ինտերնետը հնարավորություն է տալիս խախտել նախընտրական քարոզարշավի երկու հիմնական կանոնները, այն է՝ քաղաքական ուժերը և գործիչները միշտ իրենց անունից պետք է խոսեն և թույլատրելիից ավել գումար չծասեն։

Եթե 2015-ին Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում կուսակցություններն իրենց բյուջեի 24 տոկոսն են հատկացրել համացանցում քարոզարշավին, ապա 2017-ին՝ 43 տոկոսը, իսկ այս անգամ բյուջեի գերակշիռ մասն այս ուղղությամբ է ծախսվել։ Եվ քանի որ ներկայում բրիտանացիների 33 տոկոսը լուրերին տեղեկանում է Ֆեյսբուքից,իսկ երկրի բնակչության 44 տոկոսն էլ ընդհանրապեստեղեկատվություն է ստանում սոցիալական ցանցերից, կուսակցությունները կենտրոնացել են օն-լայն տիրույթում պայքարի վրա։ Եվ, օրենսդրական բացերի շնորհիվ, օրինակ, կարող են թույլատրելիից ավել գումար ծախսել՝ այլ անձանց անունից գովազդ տեղադրելով։

Կիառվում են նաև հասարակությանը մոլորեցնելու հնարքները՝ կեղծ լուրեր տարածելու, թաքնված գովազդների միջոցով։

Օրենսդրական բացն օգտագործելով՝ Պահպանողական կուսակցության ներկայացուցիչներն, օրինակ՝ տարածում են գովազդային գրությունը, որով խոստանում են 40 նոր հիվանդանոց կառուցել և 50 հազար նոր բուժքույրերի աշխատանքի ընդունել։ Իրականությունն այն է, որ ընդամենը 6 հիվանդանոցի հիմնովին վերանոգորման գումար է հատկացվել, իսկ նոր աշխատատեղերից 19 հազարն իրականում արդեն զբաղված են, խոսքն ընդամենը այդ 19 հազար բուժքույրերին համակարգում պահելու մասին է։

Գովազդի շուկան կարգավորող կառույցները, սակայն, չեն կարող արգելել այս գովազդը, քանի որ այն քաղաքական է․ օրենքն արգելում է քաղաքական բովանդակությանը խառնվելը։

Բրիտանացի փորձագետները նաև մտահոգություն են հայտնում, որ օն-լայն չվերահսկվող քարոզարշավի պայմաններում օտարերկրյա ուժերին մեծ հնարավորություն է ընձեռվում բրիտանացի ընտրողների կարծիքի վրա ազդելու և նրան ուղղորդելու հարցում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: