Ազգայինը նորաձև է լինելու Հայաստանում, և այդ օրերը շատ մոտ են․ Քրիստինե Վարդանյան
«Շարքային ՀՀ քաղաքացի եմ, որը հստակ որոշել է, որ ապրելու է Հայաստանում,- ասում է Քրիստինեն՝ ներկայացնելով իրեն։- Ուզում եմ, որ ապագայում նման որոշումները չդիտվեն որպես զոհողություն։ Իմ պայքարն ուժեղ պետականություն ունենալու համար է»։
26-ամյա Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ է, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ։ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույցի, նախարարի հրաժարականի պահանջով ցույցերի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից է։
Հիմնավորելով դաշնակցական երիտասարդների պայքարը Քրիստինեն նշում է․ «Կրթությունը և գիտությունը հզոր պետություն ունենալու մեր միակ հնարավորությունն են։ Ես չեմ կարող պատկերացնել որևէ ուժեղ պետություն, որը չունի իր կարիքներին համապատասխան կրթական համակարգ։ Եթե այստեղ չհաջողենք, չենք ունենալու մեր երազանքների երկիրը։ Կարծում եմ, որ բոլորս էլ երազում ենք ուժեղ պետություն ունենալու մասին, դաշնակցականների երազանքը տարբերվում է նրանով, որպետության սահմաններն են մի քիչ այլ»։
Հիշեցնենք, որ դաշնակցական երիտասարդները, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դժգոհում են, որ «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում պարտադիր չեն լինելու, որ դպրոցական ծրագրից նախատեսվում է հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որ ֆինանսավորվում են հանրության կողմից միարժեքորեն չընդունվող ներկայացումներ և ֆիլմեր։ Նրանք պահանջում են հրապարակել ոլորտի ռազմավարությունը և քաղաքականությունը։
Հարցին, թե որն է ցույցերին մասնակցելու իր անձնական մոտիվացիան՝ Քրիստինեն նշում է, որ հինգ տարի է, աշխատում է կրթության ոլորտում, ուսումնասիրում է աշխարհի լավագույն բուհերի կրթական ծրագրերը, օգնում շատ-շատերին միջազգային բուհեր դիմելու։ Եվ, ոլորտին տիրապետելով, անհանգստություն ունի ապագայի հանդեպ։ «Եթե այս ոլորտում խորքային դրական փոփոխություններ չլինեն, չեմ պատկերացնում, թե ուր ենք գնալու։ Ներկայիս կրթական քաղաքականության արդյունք տեսլականն ինձ չի գոհացնում»,- ասում է նա։
Քրիստինեն շեշտում է՝ ներկայիս իշխանությունները ստացել են մոտ 80 տոկոսի վստահության քվե ու խոստացել են հեղափոխական փոփոխություններ բոլոր ոլորտներում։ «Բայց հեղափոխական փոփոխությունների փոխարեն մենք տեսնում ենք ընդամենը հանրության տրամադրությունները չարտահայտող ծրագրեր։ Ես դավադրությունների տեսությունների սիրահար չեմ, բայց առնվազն կասկածելի է նախարարության վարած քաղաքականությունը, կամ էլ կրթական քաղաքականություն պարզապես չկա»,- ասում է նա։
Ինչու են հենց հիմա ցույցերը նախաձեռնել։ Քրիստինեն ասում է, որ սկզբում ժամանակ էր պետք, որ նորանշանակ նախարարն աշխատեր ու որոշակի արդյունք ցույց տար։ «Իմ համեմատության նշաձողն առաջին հանրապետության պետական այրերն են, որոնք հասցրեցին գաղթականներով լի երկրում 1,5 տարում պետական համալսարան հիմնել, վարել կրթական քաղաքականություն։ Ներկա պարագայում չեմ հասկանում, թե ինչն է խանգարում մեր պետական այրերին իրականացնելու հեղափոխական փոփոխություններ»,- ասում է նա։
Քրիստինեն նշում է՝ եթե Հայաստանում ընտրությունները տեղի ունենային կուսակցությունների առաջարկած ծրագրերի մրցակցության արդյունքում, և իշխող կուսակցությունն ընտրված լիներ վստահության արժանացած իր տեսլականը կյանքի կոչելու համար, գուցե ներկայում ոչ այս դժգոհությունները լինեին, ոչ էլ բողոքի գործողությունները։
«Իրենց քաղաքական թիմի առաջնորդն է մանդատ ստացել, որի արդյունքում էլ իրենք հայտնվել են այնտեղ, որտեղ որ են։ Եվ իրականացնում են փոփոխություններ, որոնց համար մանդատ չեն ստացել։ Անհնար է պատկերացնել, որ հիմա հայաստանյան հանրությունը կողմ կլինի այն ֆինանսավորումներին, որ եղան կամ այն նախագծին, որը հիմա սեղանին է»,- ասում է նա։
Քրիստինեն շեշտում է, որ իրենք պարբերաբար մարզեր են այցելում, շփվում են հանրության տարբեր շերտենրի ներկայացուցիչների հետ ու ամեն կողմից սատարում են ստանում։ Ասում է, որ ծանոթ, թե անծանոթ, երբ տեղեկանում են, թե ինչի համար են պայքարում, իրենց աջակցությունն են հայտնում։
Ասում է, որ հենց այդ իրողությունից ելնելով է, որ Արայիկ Հանրությունին կոչ են անում փողոց դուրս գալու և հանրության հետ շփվելու։
«Հիմա մենք ունենք 4 կարևորագույն ոլորտ համակարգող մարդ, որը չունի այս ոլորտների ռազմավարություն»,- ասում է Քրիստինեն։ Դիտարկմանը, թե Լևոն Մկրտչյանի օրոք էլ չկար՝ սկսած 2016-ից, Քրիստինեն պատասխանում է, թե այն ժամանակ կար ակտիվ քաղաքացիական հասարակություն, մասնագիտական խմբեր, որոնք ուշադրության կենտրոնում էին պահում նախարարության գործունեությունը և բարձրաձայնում սխալները։ «Բայց 2018-ից ի վեր այդ խմբերը հայտնվեցին կամ իշխանությունում կամ իշխանամերձ խմբերում։ Ուստի տրամաբանական է, որ ի հայտ են եկել հին խնդիրների մասին խոսող նոր մարդիկ»,- ասում է նա։
Քրիստինեն հավելում է՝ իրենք փողոց են դուրս եկել ու խնդիրների մասին են բարձրաձայնում, քանի որ չկա մեկ ուրիշը, որ իրենց մտահոգությունները կբարձրաձայներ։
«Մեր համբերության բաժակը լցվեց, երբ մեր հարցերին ստացանք հեգնական պատասխան։ Ինքս ազգային և ընկերվարկան գաղափարներ ունեցող մարդ եմ և չեմ պատկերացնում ՀՀ-ում մի պաշտոնյա, որը հեգնում է ազգային օրակարգ բառակապակցությունը։ Դա քաղքենիություն է և հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու փորձ։ Ես, օրինակ՝ չեմ պատկերացնում, որ որևէ մեկը ԱՄՆ սենատում կարող է հեգնել ամերիկյան օրակարգը»,- ասում է Քրիստինեն և վստահություն հայտնում՝ ազգայինը նորաձև է լինելու Հայաստանում, և այդ օրերը շատ մոտ են ։
«Հիմա, երբ աշխարհը հետ է գալիս պոստմոդեռն իրականությունից, երբ Եվրոպայում թափ են հավաքում ազգայնական ուժերը, երբ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ ապագան ազգայինին է, մենք ո՞ւր ենք գնում։ Դա մտածվա՞ծ քաղաքականություն է, թե՞ չիմացության, Հայաստանի իրավիճակին չտիրապետելու և տարածաշրջանը չհասկանալու հետևանք է»,- ասում է նա։ Երիտասարդ դաշնակցականը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունների խիստ լիբերալ քաղաքականությանն ի պատասխան ծաղկում են ծայրահեղական ուժերը, որոնք իրականում ազգայինի հետ որևէ առնչություն չունեն։ «Այն, որ նրանք հանրային աջակցություն ունեն, հետևանք է նրա, որ իշխանությունները ծայրահեղ լիբերալ, ազգայինը հեգնող քաղաքականություն են վարում»,- ասում է Քրիստինեն։
Անդրադառնալով այս օրերին ՀՅԴ հասցեին հնչող քննադատություններին՝ Քրիստինեն ասում է, որ որպես կուսակցական դրանք հանգիստ է ընդունում։ «Բայց չեմ հասկանում, թե ինչպես նախարարն իր երկրի քաղաքացուն կարող է ասել, որ իրավունք չունի որևէ թեմայով արտահայտվել՝ մատնանշելով կուսակցական պատկանելությունը։ Նախ և առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, հարկեր եմ տալիս և ունեմ բոլոր իրավունքները հարց տալու և խնդիրներ բարձրաձայնելու։ Եվ իմ պես քաղաքացիներն են ընտրում նախարարին, եթե դա չի մոռացել»,- ասում է նա և հարց բարձրաձայնում՝ եթե ինքը որպես դաշնակցական չի կարող կրթությունից խոսել, ինչ թեմայով է ազատ խոսել, կարո՞ղ է արդյոք խոսել, օրինակ՝ բնապահպանությունից։
Քրիստինեն նաև կասկածով է վերաբերում պնդումներին, թե այս պայմաններում որևէ նախարար չի կարող հրաժարական տալ։ «Աշխարհում և Հայաստանում վերջին տարիների զարգացումները պետք է որ շարժած լինեին այդ ռացիոնալության հիմքերը։ Աշխարհում հրաժարական են տվել մարդիկ, որոնք մի շաբաթ առաջ չէին պատկերացնի, որ նման բան են անելու։ Հայաստանում էլ ենք ականատես եղել նման իրողությունների»,- ասում է նա և հավելում, որ իրենց համար կարևոր չէ կոնկրետ անձի գնալը կամ մնալը, իրենց համար կարևոր է ոլորտի քաղաքականությունը։
«Մենք պատկեացնում ենք, որ վերջապես ունենալու ենք հայկական կրթական համակարգ և հայկական պետության առաջնահերթությունները սպասարկող կրթություն և գիտություն։ Ու այս պարագայում այն անձը, որը չի սպասարկում այդ առաջնահերթությունները, պետք է գնա։ Ու կապ չունի նրա անուն-ազգանունը»,- ասում է նա։