Հայերեն   English   Русский  

​Ուսանողական ընդվզումները Հնդկաստանում ընդգրկել են ավելի քան 35 բուհ


  
դիտումներ: 343

Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողները բողոքի ցույցեր են անում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթին:

Ըստ թերթի տվյալների՝ ընդվզում են այնպիսի բուհերի ուսանողները, ինչպիսիք են Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտը Մումբայիում, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը Չեննաիում, Լաքհնաուի, Բենարեսեի, Կոչինեի, Կալկաթայի համալսարանները: Դրանց մեծ մասում պարապմունքները դադարեցված են:

Ուսանողները պահանջում են չեղարկել, իրենց կարծիքով, քաղաքացիության մասին անարդար օրենքը, ինչպես նաև համերաշխություն են հայտնում Ջամիա Միլլիա Իսլամիա համալսարանի (Նյու Դելի) և Ալիգարխի մահմեդական համալսարանի ուսանողներին: Այդ համալսարանները երեկ փակվել են մինչև հունվարի 5-ը, քանի որ դրանց ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք ուղեկցվել են անկարգություններով:

Մինչ այս թերթը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ավելի քան 50 մարդ վնասվել է անկարգությունների և ոստիկանության հետ ուսանողների բախումների հետևանքով, որոնք շարունակվել են կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի գիշերը Նյու Դելիի մի շարք շրջաններում:

Հնդկաստանի քաղաքացիության մասին նոր օրենքը, որն արդեն պաշտոնական հավանություն է ստացել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության շնորհում պարզեցված կարգով Հարավային Ասիայի մի շարք երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի ոչ մահմեդականներին, եթե նրանք ճնշումների են ենթարկվում իրենց հայրենիքում:

Խոսքը հնդուականություն, սիկհականություն, ջայնականություն, բուդդայականություն և քրիստոնեություն դավանող անձանց մասին է, որոնք բնակվում են այդ առավելապես մահմեդական երկրներում: Փոփոխությունները չեն վերաբերում տվյալ տարածաշրջանի այլ երկրներին, օրինակ՝ Նեպալին և Շրի Լանկային, ինչպես նաև մահմեդականներին:

Օրենքը հարուցել է հնդկաստանցի մահմեդականների դժգոհությունը: Նրանք կարծում են, որ այն խախտում է սահմանադրությունը, որով հռչակվել է բոլորի հավասարությունը՝ անկախ կրոնից:

Դժգոհություն են արտահայտել նաև երկրի հյուսիսարևելյան և արևելյան նահանգների բնակիչները, որոնք մտավախություն ունեն, որ այժմ Հնդկաստանի քաղաքացիություն կարող են ստանալ միլիոնավոր փախստականներ հարևան Բանգլադեշից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: