Հայերեն   English   Русский  

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլրդ դրամ


  
դիտումներ: 100

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հանրային սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին տրվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ:

Նրա խոսքով, պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց:

«Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից եւ նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն մի քանի դեպքերով, որոնցով հարկերից խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»,-ասաց նա:

ՊԵԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ 2019-ի 11 ամիսների տվյալներով ՊԵԿ-ի կողմից տնտեսական հանցագործությունների ուղղությամբ հարուցվել են թվով 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկերից խուսափելուն եւ մաքսանենգության դեպքերին:

«151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգությանը դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրգործ:

2018-ին հարուցվել է 63-ով ավելի պակաս քրեական գործ: 2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 20,8 մլրդ դրամ:

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով տուգանքից գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը:

2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, փաստացի գանձվել է 403 մլն դրամ»,-ասաց նա:

Չվճարված հարկային պարտավորությունների գծով, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կայացվել է գանձման 26 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է, գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ. «2018-ին կայացվել է 5380 նման որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: