Հայերեն   English   Русский  

Սլավիկ Գալստյան. «Այս հաղթանակն ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց օլիմպիական խաղերին»


  
դիտումներ: 1254

Դեկտեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին մարզաձևի` հանրապետության լավագույն 80-ից մարզիկներ:


10 քաշային կարգերում որոշվեցին ուժեղագույնները: Ստուգատեսն անցավ հետաքրքրիր և դիտարժան պայքարում, քանի որ մասնակիցները ցանկանում էին ընդգրկվել ազգային հավաքականի կազմում: Նկատելի էր ըմբիշների պատրաստվածությունն ու մարտական տրամադրվածությունը:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի և Կարեն Ասլանյանի եզրափակիչ գոտեմարտը, հիրավի, ստացվեց ամենալարվածն ու տպավորիչը: Հաղթողը որոշվեց վերջին վայրկյաններին, չեմպիոնի կոչումը նվաճեց Սլավիկ Գալստյանը:
2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոնն այս անգամ հանդես եկավ իր համար նոր`67 կգ քաշային կարգում, որն օլիմպիական է:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով.
«Հայաստանի առաջնությունն անչափ կարևոր է ուժերը փորձարկելու և հետագայում միջազգային մրցաշարերին հաջող ներկայանալու համար: Այս անգամ հանդես եկա 67 կգ քաշային կարգում, որն օլիմպիական է, ինչն ավելի էր պարտավորեցնում, որ ամեն ինչ անեմ հաղթելու համար: Ուստի շատ լավ էի նախապատրաստվել` ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով և հոգեբանորեն տրամադրվելով: Մարտականորեն մոտեցա առաջնոթյանը: Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց»:
Կարեն Ասլանյանի հետ եզրափակիչ գոտեմարտը լարված պայքարում անցավ: Սլավիկ Գալստյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց համառ պայքարում: Գոտեմարտն ավարտվեց 7:6 հաշվով:
«Բոլոր մրցակիցներս էլ լավ պատրաստված մարզիկներ էին, շատ դժվար էր նրանց հետ գոտեմարտել և նրանց շրջանցել, քանի որ փորձառու էին, ուժեղ: Նրանքեկել էին հաղթելու և առաջինը ճանաչվելու համար: Ինձ համար պատիվ է մրցել նման մարզիկների հետ:
Շատ դժվար պայքար դասավորվեց ինձ համար եզրափակչում: Գոտեմարտի վերջին վայրկյաններին կարողացա հաղթել: Կարեն Ասլանյանը շատ ուժեղ, փորձառու և արժանի մրցակից է: Այս հաղթանակն ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց օլիմպիական խաղերին:

Սլավիկ Գալստյան 2019

Քաշային կարգս փոխել եմ օլիմպիական ուղեգրի համար: Այժմ շարունակում եմ մարզումներս:2020 թվականի սկզբին Ֆրանսիայում մասնակցելու ենք միջազգային մրցաշարի, որից հետո ամեն բան պարզ կլինի: Հետագա անելիքներս մարզիչների հետ կորոշենք, թե որ վարկանիշային մրցաշարերին կմասնակցեմ»:
2019 թվականի ձեռքբերումներով Սլավիկը ընդգրկվել է տարվա լավագույն 25 մարզիկների շարքում, որոնցից քվեարկության արդյունքում կընտրվեն տասը:
«Բոլոր մարզիկներն էլ արժանի են լավագույնի կոչմանը: Նրանք հաղթանակներ են տոնել միջազգային հարթակներում, արժանացել են ամենբարձր դափնիներին` բարձր պահելով հայրենիքի պատիվը: Շնորհավորում եմ բոլորին, հաջողություն և նորանոր հաղթանակներ մաղթում նաև 2020-ին»:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: