Հայերեն   English   Русский  

Զարուհի Բաթոյանը մանկատան 18 շրջանավարտի հանձնեց բնակարանի գնման առաջին վկայագրերը


  
դիտումներ: 143

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը բնակարանի գնման առաջին վկայագրերը հանձնեց մանկատան 18 շրջանավարտի: Այս ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել սոցիալական ծրագրերից տնտեսած գումարների շնորհիվ:

«Նախարարությունն այս ծրագիրը կարողացել է իրականացնել սոցիալական ծրագրերից տնտեսած գումարների շնորհիվ: Մենք առաջարկել էինք Կառավարությանը, որպեսզի մանկատան շրջանավարտներին, ովքեր տարիներ առաջ ընդգրկված էին հերթում, բնակարաններ տրամադրվեն, առաջարկն ընդունվել և հաստատվել էր, և այսօր մենք ունենք այդ հնարավորությունը: Կառավարությունը 1,9 մլրդ դրամ է հատկացրել 300 քաղաքացու բնակարանային պայմանները հոգալու համար։ Յուրաքանչյուրին հատկացնելու ենք 6.3 մլն դրամ»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ ծրագիրը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբեր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վստահեցրեց, որ այս ծրագրից բացի, կլինի նաև առաջնահերթություն զբաղվածության ծրագրերում։

Նա ընդգծեց, որ շրջանավարտները պետք է այդ ծրագիրը դիտարկեն որպես իրենց անձնական, ընտանեկան կյանքն ավելի բարելավելու հնարավորություն:

«Ձեզանից շատերն անցել են դժվարությունների միջով, և ես ուրախ եմ, որ որևէ խնդրի պատճառով կանգ չեք առել և անկախ ամեն ինչից ստեղծել եք ձեր արժանապատիվ կյանքը Հայաստանում: Այս ծրագրով մենք ցանկանում ենք ավելին անել ձեզ համար և աջակցել: Պետության հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, սակայն մենք ուզում ենք օգտագործել մեր հնարավորությունները ձեզ ավելի շատ հույս ու վստահություն տալու համար»,- ասաց Բաթոյանը:

«Զատիկ» մանկատան նախկին սան Մարինե Սարգսյանն արդեն 13 տարի ընդգրկված էր հերթում և 2020 թվականին արդեն կապրի նոր սեփական բնակարանում:

«Այս տարիների ընթացքում ամուսնուս և երկու երեխայիս հետ ապրել եմ վարձով: Ունեմ 2 տարեկան աղջիկ և 5 տարեկան տղա: Մինչ երեխա ունենալն աշխատել եմ որպես դերձակ, նաև խոհարարի կրթություն եմ ստացել: Աղջիկս դեռևս փոքր է, այդ պատճառով ժամանակավորապես չեմ աշխատում, մինչև սկսի հաճախել մանկապարտեզ»,- նշեց Մարինեն:

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում 2003-2013 թթ. ընթացքում շահառու ճանաչված 1991-2013 թվականներին մանկատներից դուրս եկած բնակելի տարածության կարիք ունեցող շրջանավարտների և մանկատների 2014-2019 թվականների շրջանավարտների վերաբերյալ նախարարություն գրավոր դիմել են 86 շրջանավարտ, որից 75 շրջանավարտի վերաբերյալ (յուրաքանչյուր անձի համար առանձին) գրություններ են ուղարկվել Կադաստրի կոմիտե և Ոստիկանություն, իսկ 11 շրջանավարտի վերաբերյալ տվյալներն ուսումնասիրվում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: