Հայերեն   English   Русский  

​Փոփոխություն հայ-թուրքական սահմանին


  
դիտումներ: 327

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար Շիրակի մարզի Խարկով գյուղի միակ բնակչուհի Վահանդուխտ Մելքոնյանը պարգևատրվեց շնորհակալագրով,

ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Վահանդուխտ տատին փոխանցեց դրամական պարգև:

- Տատիկին վերաբերմունք է պետք ցույց տալ, որովհետև ինքը տարիներ շարունակ միայնակ երկիր՝ սահման էր պահում, - ասում է Շիրակի մարզպետն ու պարգևը հանձնում տատիկին:
Վահանդուխտ տատն առիթը բաց չի թողնում ու միանգամից ավելացնում է՝ ՛՛լավ կլինի, որ սահմանը բացելու հետ ճամփեն էլ սարքեք՛՛:

Հայ-թուրքական սահմանի Անի մայրաքաղաքի անմիջական միակ հարևանը պարգևատրվելուց հետո հեռանում է Շիրակի մարզպետարանի, իսկ Տիգրան Պետրոսյանը շարունակում է.

- Մենք ունենք որոշում հաջորդ տարի Անիի սահմանը բացվում է այցելուների համար, առանց որևէ բարդությունների կկարողանանք գնալ տատիկին հյուր, ինչպես նաև ավելի մոտիկից տեսնել Անին: Այս հատվածում կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն:

հայ-թուրքական սահման

Տասնամյակներ շարունակ Անին ու Խարկովը, գտնվելով Ախուրյան կիրճի հանդիպակաց կողմերում, իրար նայում է ավերակների աչքերով: Ավերակ Անին թուրքական կողմը մի քանի տարի է օգտագործում է իր երկրի տնտեսության զարգացման մեջ՝ ծառայեցնելով որպես զբոսաշրջային վայր: Հայկական կողմում գտնվող Խարկովը տարիների ընթացքում դատարկվեց, հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահները վերահսկողության գոտի համարեցին ու փշալարարն անցկացրեցին հենց գյուղի սկզբից: Պատմական Անիի դիմ-դիմաց կառուցված գյուղում միակ բնակիչը Վահանդուխտ տատն է այսօր: Նա գյուղում ապրում է որդու հետ, հարազատներն էլ գնում-գալիս են միայն սահմանապահների թողտվությամբ:

- Ես վստահ եմ, ռեժիմի փոփոխությունը մեր մարզի զարգացման համար, հատկապես հարավային շրջանների զարգացման հարցում աննախադեպ աշխուժություն է բերելու, - ասում է Շիրակի մարզպետը: Պետական մակարդակում այս հարցը քննարկվել ու հստակ որոշվել է՝ այս հատվածում հատուկ հսկվող գոտին գյուղի սկզբնամասից նահանջում է դեպի սահման, ինչն էլ կհեշտացնի մարդկանց մուտքը այս բնակավայր:

- Ժամկետները պետք է հստակեցնել, բայց հաջորդ տարի Անին ավելի հասանելի կլինի: Այնտեղ անվտանգության հարցեր կան կարգավորելու. հայ-թուրքական սահմանը այնքան էլ հանգիստ չէ. ճիշտ է ավելի լարված սահմաններ ունենք, բայց այստեղ ռիսկեր ունենք, որը մեզ ստիպելու է շատ ավելի ուշադիր լինել: Չի կարող դառնալ ամբողջությամբ բաց տարածք, բայց այն, որ այնտեղ կա մեծ պոտենցալ, մշակութային, հոգևոր կարիքները բավարարելու շատ լուրջ միջավայր է, մենք պատրաստվում ենք այն օգտագործել: Ես ներքին վստահություն ունեմ, որ այս մասում մեր երկրի տուրիստական բալանսը շատ զգալի փոխվելու է հօգուտ Շիրակի մարզի:

Մարզպետն ասում է, քննարկվում է նաև Խարկովին, կամ ինչպես հիմա կոչվում է Նոր Շեն բնակավայրին գյուղի կարգավիճակը վերադարձնելու հարցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: