Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 391

Անցնող շաբաթն էլ ցույց տվեց, որ Հայաստանի բնակչությունը 2020 թվականը դիմավորում է անընդմեջ խորացող պառակտվածությամբ, «սևերի» և «սպիտակների» միջև գծված հոծ սահմանագծով, ինչը փորձագետները երկրին սպառնացող ամենամեծ վտանգն են համարում, և Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «ապօրինի, փնթի և ուղղորդված քրեական գործերի անվերջանալի տրցակներով»:

Երկրորդ նախագահի դատավարությունը և մշակույթի գործիչների ու դատավորների վարկանիշը

Դատավարությունների «սերիալի» էական փոփոխություն չկար այս շաբաթ: Ինչպես միշտ շաբաթը սկսվեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ և ավարտվեց պաշտպանների միջնորդությունների մերժումով: Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը նախկին նախագահին գրավով ազատելը մերժելու մասին: Նրանք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Լուսինե Աբգարյանին այն հիմքով, որ դատավորի եղբայրը սոցիալական ցանցերում հակաքոչարյանական հայացքներով է աչքի ընկնում։ Միջնորդությունը, ինչպես և սպասվում էր, մերժվեց, իսկ դեկտեմբերի 20-ին դատարանը որոշեց ուժի մեջ թողնել կալանքի մասին որոշումը:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը Նոր տարին կդիմավորի անազատության մեջ, թեպետ տարիուկես է արդեն, նրա մեղավոր լինել-չլինելու հարցը, ըստ էության, դեռևս չի բացահայտվել, մինչև հիմա քննվում է նրա խափանման միջոցը, և այն դատավորները, որոնք չեն ցանկանում արժանանալ իշխանությունների հետապնդմանը, օրինական ու իրավաչափ են համարում, որ նա մնա անազատության մեջ: Այս տեսանկյունից ուշագրավ էր Քոչարյանի խոսքը դատավարության ժամանակ: Նա նշեց, որ այս մոլորակի վրա երկու հայկական պետություն կա, երկուսն էլ ինքը ղեկավարել է, այն էլ ծանր՝ պատերազմական և հետպատերազմյան ժամանակներում: Իր ղեկավարության օրոք Հայաստանը աղքատ երկրից դարձել է միջին եկամտով երկիր, և եթե մարդիկ մոռանում են դա, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք:

«Մարտի 1»-ի գործով դատարավարության նորությունն այս շաբաթ թերևս այն էր, որ դեկտեմբերի 19-ին համացանցում շրջանառվեց մի տեսագրություն, որում իբրև թե Քոչարյանի կողմնակիցներից մեկը փորձում է կաշառել Մարտի 1-ի զոհերից մեկի իրավահաջորդին, որպեսզի հրաժարվի մեղադրանքից: Փորձագետների մեծ մասը սա որակեց որպես հատուկ բեմադրված տեսարան դատարանի հաջորդ օրվա որոշման վրա ազդելու նպատակով:

Նույն օրը Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի ավելի քան 60 գործիչներ, ի թիվս որոնց Ռազմիկ Դավոյանը, Կարեն Շահնազարովը, Դմիտրի Խառատյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը և այլք, կոչ արեցին փոխել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան: «Անհանգստացնում է չարության և թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։ Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին։ Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Նախագահի այսօրվա վիճակը անբնական է և չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։ Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը և հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,- գրել էին նրանք՝ թերևս քաջ գիտակցելով, որ թիրախ են դառնալու իշխանության ներկայացուցիչների ու նրանց աջակիցների կողմից: Այդպես էլ եղավ: Բայց մյուս կողմից՝ տվյալ մշակութային գործիչների վարկանիշն էապես բարձրացավ հանրության այն շրջանակներում, որոնք մտահոգված են իրավական ու ժողովրդավարական երկրի կերպարը պահպանելու հարցով և դեմ են դատարանի վրա ճնշում գործադրելուն:

Այս առնչությամբ թերևս ամենաուշագրավը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի արձագանքն էր, որը հայտնի է իր «մշակույթը ես եմ» արտահայտությամբ: Նա չի հասկանում, թե ինչու են վերոհիշյալ կոչին միացել նաև ռուսաստանյան մշակութային գործիչները:

Անցած շաբաթ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի ազատության նորաստեղծ հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը: Նա հիշեցրեց լրագրողներին, որ ժամանակին տարբեր բնագավառների մոտ 100 գործիչ հայտարարությամբ իշխանությանը կոչ էր արել ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ և վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Նա տեղեկացրեց, որ մի ամսում այդ հայտարարության տակ մոտ 60 հազար քաղաքացի է ստորագրել, սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, և ուշադրություն հրավիրեց ներկայիս գործող նախագահի չեզոք, ավելի ճիշտ՝ կրավորական դիրքորոշման վրա: Աղվան Վարդանյանը շեշտեց, որ երկրորդ նախագահն ապօրինի կալանքի տակ է, երրորդ նախագահին անհեթեթ մեղադրանք է առաջադրված, բայց այդ նախագահը որևէ կարծիք, տեսակետ, խոսք այս թեմայով չունի: Դրանից հետո իշխանության մատույցներից ուղղակի և անուղղակի սպառնալիքներ հնչեցին առ այն, որ կարող են քրեական գործ հարուցել Աղվան Վարդանյանի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ քննչական մարմիններն առաջիկայում կսկսեն փորփրել Աղվան Վարդանյանի անցյալը, հատկապես՝ սոցապ նախարարի պաշտոնավարման հատվածը:

Անցած շաբաթ, ի դեպ, գործող նախագահի վրա ուշադրություն հրավիրվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի կապակցությամբ, որն Ազգային ժողովն ընդունեց նախորդ շաբաթ և հանրության մեջ առավելապես հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք:

«Վերնատուն» քաղաքական ակումբը հայտարարություն տարածեց, որում տվյալ օրենքը գնահատված էր որպես «Սահմանադրության տառին և ոգուն հակասող, իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմների խախտում և իրավական ու ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն հաստատելու փորձ»: Եվ հատուկ շեշտված էր, որ այդ փաստաթուղթն այժմ հանրապետության նախագահի տիրույթում է, հետևաբար նրա ուղղակի պարտականությունն է կասեցնել օրենքի ընդունման գործընթացը` դիմելով ՍԴ, որպեսզի քննվի դրա համապատասխանությունը Սահմանադրությանը: Ամենայն հավանականությամբ, սա այն հարցն է, որի հետ կապված որոշումով երկրի նախագահը կա՛մ կշարունակի գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշումները «դակողի» գործառույթը և առայժմ կպահպանի իր աթոռը, որով վերջնականապես զրոյի կհավասարեցնի իր առանց այն էլ ցածր վարկանիշը, կա՛մ կկատարի իր ուղղակի պարտականությունը՝ բարձրացնելով իր վարկանիշը և միաժամանակ դառնալով իշխանությունների հերթական թիրախը:

Իսկ դատավորների վարկանիշն արդեն հայտնի է: Անցած շաբաթ հայտարարվեցին դատավորների վարկանիշավորման ամենամյա արդյունքները, «Թափանցիկ ձեռք 2019» մրցանակին երկրորդ անգամ անընդմեջ արժանացավ փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ամենացածր գնահատականն էլ ստացավ Արմեն Դանիելյանը։ Հարկ է հիշեցնել, որ առաջինն ազատ է արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ երկրորդը նորից կալանավորելու որոշում է կայացրել։

Մյուս քրեական հետապնդումները

Ամենայն հավանականությամբ շուտով կալանավորների շարքերը կլրացնի նաև հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակվում է նրա նկատմամբ քրեական հետապնդումը մեկ մարդու վկայությամբ: Փաստաբանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու հարցով դիմեց գլխավոր դատախազություն և մերժում ստացավ, դժվար չէ կռահել, որ այդ հարցը կմերժվի նաև դատարանում:

Վերաքննիչ դատարանը մերժեց նաև ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը, թեպետ ամեն անգամ նրան մի կերպ են շտապ օգնության մեքենայով դատարան հասցնում և հետ տանում։

Ենթադրվում է, որ շուտով կալանավորների շարքերը կլրացնեն նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Անցած շաբաթ քրեական գործ հարուցվեց նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ երեխաների ապօրինի որդեգրման կասկածանքով: Ավելի ուշ այդ գործի մեջ ներգրավվեցին նաև նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը: Դատարանը, սակայն, մերժեց Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը:

Թեժ կրքերը Երևանի ավագանիում

Անցած շաբաթ իր բացահայտումներով դարձյալ առճակատումների ալիք բարձրացրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որից հետո օրակարգ մտավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նրան հետ կանչել-չկանչելու հարցը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի և Մանե Թանդիլյանի, շտապեց լրագրողներին հայտնել, որ իրենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ են, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ավագանին, «բայց կան իրավիճակներ, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, իսկ նա դրա համար պատասխանատվություն է կրում, ինչը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստանի» վրա»: Բանն այն է, որ ըստ Մարուքյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը սադրանքի է դիմում, և մարդիկ էմոցիոնալ վիճակում տրվում են սադրանքին: Մինչ քննարկվում էին այս հարցերը, Խաժակյանը քաղաքապետարանում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հերթական աղմկոտ բացահայտումն արեց, այն է՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը: Բացի այդ, սկսել են կասկածներ հնչել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվելիս Հայկ Մարությանը եղել է նաև Չեխիայի քաղաքացի: Դավիթ Խաժակյանը մանդատը վայր կդնի, թե ոչ, հայտնի կդառնա այս շաբաթ:

Հանրային խորհրդի նոր նախագահի նշանակումը որպես գործադիր իշխանության ուժի դրսևորում

Հիշեցնենք, որ անցած ամիս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց իր հասցեին իշխանության ներկայացուցիչների ելույթների և վարչապետի լռության հետևանքով: Նրան մեղադրում էին երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ իր անձնական կարծիքն արտահայտելու համար: Խորհրդի ներսում էլ այդ դիրքերից էր հանդես գալիս Ստյոպա Սաֆարյանը, որը հանրությանը հայտնի է վարչապետի և նրա քաղաքական ուժի ներբողներով, որոնք հաճախակի հատում են բացահայտ քծնանքի սահմանը, և ձաղկումներով նրանց քննադատողներին՝ համեմված չափից ավելի անպատշաճ բառամթերքով: Հենց նա էլ անցած շաբաթ կառավարության նիստում նշանակվեց Հանրային խորհրդի նոր նախագահ:

Նրա թեկնածությունը հաստատելիս վարչապետ Փաշինյանը խոստովանել է, որ երբ նոր Հանրային խորհուրդը պետք է ձևավորվեր, ինքը չի միջամտել՝ հույս ունենալով, որ մարդիկ կօգտվեն այդ շանսից, բայց, ցավոք, «շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն»:

Այդ «շանսից չօգտվողներից» երկուսն արդեն՝ Հարություն Մեսրոբյանը և Լարիսա Ալավերդյանը, հրաժարվել են անդամակցությունից: Հրաժարականները Հանրային խորհրդից ամենայն հավանականությամբ կշարունակվեն, կհեռանան նրանք, ովքեր խորհրդի գործառույթները և կառավարության ուժը միանգամայն այլ կերպ են պատկերացնում:

Միջադեպեր սահմանում, խմբագրությունում, զինկոմիսարիատում

Դեկտեմբերի 17 լույս 18-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ու գնդացիրներներից կրակեցին Տավուշի մարզի ուղղությամբ, խաղաղ բնակչության վրա, երբ մարդիկ հարսանիք էին անում:։ Հակառակորդի գործողությունները դադարեցին միայն Հայաստանի զինված ուժերի պատասխան կրակից հետո։ Բարեբախտաբար հայկական կողմից կորուստներ չկան։

Իսկ լույս 19-ի գիշերն արդեն ներքին հակառակորդները ներխուժեցին «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն։ Զննումները ցույց տվեցին, որ կատարվածը գողություն չէ, տակնուվրա արված աշխատասենյակներից պարզ երևացել է, որ հանցագործները ինչ-որ բան են փնտրել, սակայն ոչինչ չեն գողացել: Օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը կարծիք է հայտնել, որ նպատակը վախեցնելն է, լրատվամիջոցին ճնշելը։

Նույն Դեկտեմբերի 19-ին Երևանի Մաշտոցի շրջանի զինկոմիսարիատում փլուզվեց առաջին հարկի հատակը, ինչի հետևանքով զինակոչիկներն ու նրանց ծնողները հայտնվեցին նկուղում։ Տուժել է 14 մարդ, նրանցից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Եվ շաբաթվա գլխավոր թեման՝ «ջիփային սկանդալը»

Դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին զրույցի բռնվեց հանրության հետ և մի քանի անգամ գրառումներ արեց, սակայն դրանք վերը նշված դեպքերին չէին վերբերում, դրանք չէ, որ անհանգստացնում էին նրան, այլ մտահոգության միակ առարկան իր դրստեր համար գնված ավտոմեքենայի կապակցությամբ համացանցում ծայր առած քննարկումներն էին: Մարդիկ վրդովմունք էին հայտնում, թե ինչու պիտի հարկատուների հաշվին, դեռ քիչ էին առանձնատան շքեղ վերանորոգումը, շքեղ զրահապատ ավտոմեքենաները, գնվելիք անձնական ինքնաթիռը և անվերջանալի արտասահմանյան ուղևորությունները, հիմա էլ մոտ 30 հազար դոլարով ավտոմեքենա գնեին հատուկ վարչապետի դստեր համար:

Վարչապետը բացատրում էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են: Այդ մեքենան իր դստեր համար չի գնված, այլ պետական պահպանության աշխատակիցների համար: «Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել»,- ասաց նա: Ուղիղ եթերից հետո էլ գրեց, որ մեքենան ձեռք է բերվել անցած տարվա ապրիլին, երբ «Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր»։ Այնինչ ՊՊԾ էլեկտրոնային փաստաշրջանառությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենան ձեռք է բերվել 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին:

Բավական չէր, հաջորդ օրն էլ վարչապետը տեսանյութ տեղադրեց, որը ցույց էր տալիս, թե ինչպես են ընտանիքով «փախել» կառավարական ամառանոցից և իրենց մեքենայով ազատ պտտվել քաղաքում: Տեսագրությունն էլ մակագրված էր. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»: Շինծու, անարվեստ բեմադրություն էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: