Հայերեն   English   Русский  

Լարիսա Ալավերդյանը նույնպես լքեց Հանրային խորհուրդը


  
դիտումներ: 412

Հանրային խորհրդից դուրս գալու վերաբերյալ այսօր պաշտոնապես դիմում է ներկայացրել Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հաձննաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ հանձնաժողովում իրենց կազմակերպության հետագա գործունեության հարցը նույնպես քննարկվելու է:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ առաջինը պաշտոնապես հայտնել էր կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Անկախ-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի անդամներից շատերը, հատկապես հին անդամները, մտածում են խորհրդի կազմից դուրս գալու մասին, բայց առայժմ դիմում չեն գրել: Ասում են՝ ժամանակի հարց է:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանի խոսքով՝ ցավալի է, որ ստեղծված մթնոլորտում խորհրդի որոշ անդամներ դադարեցրել են կամ մտածում են Հխ անդամակցությունը դադարեցնելու մասին, քանի որ Հանրային խորհուրդը խելոք ու կարող ուժերի կարիք ունի:

Նրա խոսքով՝ վարչապետը ՀԽ նախագահ նշանակելուց առաջ ճիշտ կաներ հանդիպեր խորհրդի անդամների հետ և քննարկեր Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը, հասկանար, թե ինչպես են ընդունում նրան, որից հետո նոր որոշում կայացներ:

Արշակ Սադոյանը նաև ասաց, որ Հանրային խորհրդի նորանշանակ նախագահը պարտավոր էր նշանակումից հետո Հանրային խորհրդի նիստ հրավիրել, սակայն մինչ օրս չի արել: Փոխարենը Սադոյանն ինքն է ուզում նախաձեռնել և ՀԽ մի խումբ անդամների առաջարկով արտահերթ նիստ անցկացնել:

Ավելին, պարզվում է, որ Ստյոպա Սաֆարյանը մինչ օրս աշխատանքի էլ չի ներկայացել: ՀԽ աշխատակազմից հայտնեցին, որ Սաֆարյանը չի գնացել ՀԽ գրասենյակ, չի զանգել և առհասարակ չի հանդիպել աշխատակիցների հետ: Պարզվեց նաև, որ ՀԽ աշխատակազմը դեռևս նոյեմբերի վերջին, Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո, ազատման դիմում է գրել, և աշխատակիցներն աշխատելու են մինչև դեկտեմբերի 30-ը:

Անորոշ է նաև Հանրային խորհրդի տարածքի հարցը. ՀԽ ներկայիս գրասենյակային տարածքն այս տարվա գարնանը տրամադրել էր Հանրային խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջյանը՝ մեկ տարի ժամկետով, մինչև կառավարությունը կլուծեր Հանրային խորհրդի տարածքի հարցը, սակայն մինչ օրս տարածքի հարցը լուծված չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: