Հայերեն   English   Русский  

Զարմանում եմ, թե ուսուցիչն ինչպե՞ս է հանդուրժում այսքանը, երբ նրա իմացության կողքին հարևանություն է անում ԱՆԳՐԱԳԵՏ անարդարությունը:


  
դիտումներ: 756

Զարմանում եմ, թե ուսուցիչն ինչպե՞ս է հանդուրժում այսքանը, երբ նրա իմացության կողքին հարևանություն է անում ԱՆԳՐԱԳԵՏ անարդարությունը

Դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հայտարարեց, թե մենք ունենք բազմաթիվ տգետ, անգրագետ ուսուցիչներ: Մեր հասարակությունն ընտրում է ոչ թե գիտելիքը, այլ՝ դիպլոմը:

Նա նշեց, թե կարծում էր, որ լսումների ընթացքում շատ կոնկրետ առաջարկների շուրջ են խոսելու, բայց ընդհանուր բնութագրական ելույթներն իրեն տրամադրել են ավելի ընդհանուր ստրատեգիական խնդիրների մասին խոսել: «Լսումների ընթացքում հնչեց, թե նոր իշխանությունները հայտարարում են, որ մեր ուսուցիչը պետք է լավ ապրի. ես չգիտեմ որևէ իշխանություն, որն ասի, որ մեր ուսուցիչը պետք է վատ ապրի. ի՞նչ է նշանակում վատ ապրել: Ասվեց, որ մեր նպատակն ազատ և քննադատական մտածող քաղաքացի ստեղծելն է. կարծում եմ, որ բոլոր իշխանությունները, սովորաբար, հենց այդպես են ասում, բայց բոլոր իշխանություններն ամեն ինչ անում են, որ հենց այդ քաղաքացին չստեղծվի: Եվ ես շատ վստահ չեմ, որ այս դեպքում էլ այս նույն ճանապարհով, հնարավոր է, չգնանք: Ասվեց, որ կա կրթությունը զարգացնելու կամք, բայց թե այդ կամքը ո՞րն է լինելու, ո՞րն է այս պահին այն բացառիկ հնարավորությունը, որը կրթությունը դարձնելու է օրինակելի, մատչելի, և քիչ թե շատ սոցիալապես արդար, չպարզաբանվեց»,- ասաց Խառատյանը՝ ընդգծելով, թե այս տեսակետը ձևավորվել է ընդհանուր փորձից:

Նա հարց բարձրացրեց, թե ինչպես պետք է դպրոցում կրթվի ազատ և քննադատական մտածող անչափահասը և դառնա այդպիսի քաղաքացի, եթե չկա այդպիսի ուսուցիչ:

«Եվ որտեղից պետք է լինի այդ ուսուցիչը, եթե նրան դասագրքում գրված բացարձակ ճշմարտությունից այն կողմ այլ նյութ, առարկա, այլընտրանքային դասագիրք, նույնիսկ՝ դասագրքի քննադատական վերլուծություն չեն տալիս, որ կարողանա այդ մտածողությունը կիրառել իր հանդեպ ու հասկանալուց հետո՝ դպրոցի հանդեպ»,-ասաց Խառատյանը: Ըստ նրա՝ Երևանում գտնվող դպրոցի և հեռավոր գյուղում գտնվող դպրոցն իրենց իմիջով չպետք է տարբերվեն: Խառատյանի խոսքով՝ Հայաստանում ուսուցչության «մեջքը ջարդեց» այն որոշումը, համաձայն որի՝ ուսուցիչն անպայման պետք է մանկավարժի կրթություն ունենա: «Դրանից հետո սովետական շրջանում դպրոցներից զանգվածաբար ազատվեցին մանկավարժի լրացուցիչ կրթություն չստացող անձինք: Նրանց տեղը լցրեցին, իմ կարծիքով, մանկավարժի շատ կասկածելի դիպլոմներով անձանց: Դիպլոմը հաղթեց գիտելիքին: Դա կոտրեց կրթության համակարգը»,-ասաց ազգագրագետը՝ նշելով, թե այժմ էլ հասարակությունն ընտրում է ոչ թե բարձրագույն կրթությունը, այլ՝ դիպլոմը: «Դիպլոմն է ընտրում, որովհետև գիտի, որ դիպլոմով կարող է մի հինգ Վարդան Ղուկասյան «բուծել» մի ուրիշ Ազգային Ժողովում, որը քրիստոնեական արժեքներից խոսելով՝ Գյումրիի ամբողջ հիշողության լանդշաֆտը լցրել է իր պատկերով արձանախմբերով և պատմություն է վերարտադրում՝ չիմանալով այդ պատմությունը»,-ասաց Խառատյանը՝ ներողություն խնդրելով անձնավորված մեկնաբանության համար:

Խառատյանը նկատեց՝ և՛ ազատությունը, և՛ քննադատական մտածողությունը, և՛ ուսուցչի կերպարը ինչ-որ չափով արտածում են նաև իշխանության ամենաբարձր մարմինների անձանց կերպարները: «Որքան այդ անձինք պատրաստակամ են գիտելիքի կրողը լինել և գիտելիքը վերարտադրել ու ժառանգել, այնքան հասարակությունում ներդրվում է դրա կարևորությունը: Որքան մեր իշխանության բարձրագույն մարմիններում կարող են տեղ գտնել դիպլոմները, այնքան հասարակությունում դիպլոմի կարիքն ավելանում է»,-ասաց նա: Պետք է հասկանալ՝ որն է կրթության նվազագույն և առավելագույն գիտելիքը, որը դպրոցը պարտավոր է տալ. դա դասագի՞րքն է, մտածողությո՞ւնն է, թե՞ դաստիարակությունն է: Ես որքան գիտեմ՝ մենք այստեղ դեռևս կոնսենսուսային համաձայնություն չունենք: Անդրադառնալով գիտության ոլորտին՝ Խառատյանն ասաց, թե քանի դեռ այսօր գիտության մեջ ներկայացված նախագծով գիտության արդյունավետությունը չափվելու է միջազգային ռեյտինգային պարբերականներում հրատարակվելով, այն զարգացում չի գրանցելու: «Ակնհայտ է, որ այսօր միջազգային ռեյտինգային պարբերականները նաև փողով ծախում են իրենց տեղերը: Եվ եթե սա մեզ անկեղծ չխոստովանելով՝ պարզապես կառչենք այդ «ռեյտինգային» բառից, շարունակելու են ոչ թե գիտությունը զարգացնել, այլ փնտրտուքը՝ ինչպես ընկնել ռեյտինգային՝ լինի դա փողով, թե այլ կերպ»,-նշեց ազգագրագետը, ապա հավելեց.

«Այսօր կարևոր է գիտության արդյունավետությունը չափել նաև տնտեսության մեջ իր ունեցած ներդրումով, բայց տնտեսություն-գիտություն կապի բացարձակ խզումը խանգարող հանգամանք է. մի կողմից գիտության ոլորտների համար առաջարկ չի արվում, թե տնտեսությունը ինչ ուղղությամբ է զարգանալու, որ նրանք սկսեն դրան համապատասխան մասնագետներ պատրաստել, մյուս կողմից՝ պատրաստված մասնագետների և աշխատատեղերի բաշխման խնդիր կա: Մինչև այս խնդրի գործնական լուծումը չգտնվի, մենք շարունակելու ենք դատապարտված մնալ այս խոսքերը կրկնել»,-ամփոփեց Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ Հրանուշ Խառատյանի այս հայտարարությունը վրդովմունքի ալիք էր բարձրացրել մի շարք ուսուցիչների մոտ:

Վաստակաշատ ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Տարիներ շարունակ մենք դժգոհում ենք, թե ինչու բոլոր դիմորդները բուհ են ընդունվում, մեզ վերևներից հակադրվում են, թե ինչպես չընդունել, երբ նրանք պետությանը վարձավճար են տալիս: Ստացվում է, որ գումար տալիս թույլ կարողությունների տեր ուսանողն այս պետության համար պիտանի է, բայց բարձրագույնի դիպլոմ ստանալուց հետո, երբ տեսանելի է դառնում նրա անպիտանելիությունն իր աշխատանքում, ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ուսուցիչը:

Զարմանում եմ, թե ուսուցիչն ինչպե՞ս է հանդուրժում այսքանը, երբ նրա իմացության կողքին հարևանություն է անում ԱՆԳՐԱԳԵՏ անարդարությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: