Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները». Ադրբեջանի նախագահն անհնարին է համարում Եվրամիություն մտնելը
«Հարկ է հասկանալ, թե ինչ ենք ըմբռնում՝ եվրաինտեգրացիա ասելով: Ես կարծում եմ՝ մենք ձեռնարկել ենք մեր քայլերը եվրաինտեգրացիայի ուղղությամբ, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, և դրանք ապարդյուն կլինեն»,- ասել է Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ուրիշ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու համատեքստում, ապա դա հնարավոր չէ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթաց է նկատվում: «Դատելով ըստ առաջատար քաղաքական գործիչների ելույթների՝ ԵՄ-ի ընդլայնման հեռանկարներ չկան: Բարդ դրության մեջ են նաև բալկանյան երկրները, որոնք ԵՄ-ի անդամության թեկնածու են: Այնինչ նրանց մի շարք խոսումներ են տվել, եթե նրանք համաձայնեն մի շարք պայմանների կատարմանը: Եվ նրանցից մի քանիսը դիմել են այդ քայլերին:Մի քանիսի համար այդ գործընթացը ցավոտ էր: Ես չեմ թվարկի այդ երկրները, գիտենք, թե ինչի մասին է խոսքը: Դա հանգեցրել է ներքին բախումների, ընդվզումների այդ երկրներում, հասարակությունը մասնատվել է: Այժմ ԵՄ-ի առաջատար քաղաքական գործիչներն ասում են, որ չեն կարող ընդունել նրանց: Կարծում եմ՝ երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորություն չկա նաև մի շարք եվրոպական երկրների համար»,- ասել է Ալիևը:
Նա բերել է նաև Թուրքիայի օրինակը: «Թուրքիան ե՞րբ է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Իսկ որևէ արդյունք կա՞: Ո՛չ: Սա չէ՞ որ մեծ անարդարություն է: 2000 թվականից սկսած՝ նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ մտել են ԵՄ, բայց նրանք ավելի ուժե՞ղ են, զարգացա՞ծ են, քան Թուրքիան: Ինչո՞ւ են նրանք մտել ԵՄ, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն այն պատճառով, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Հիմա դա հրապարակայնորեն են ասում: Այդ դեպքում կընդունե՞ն Ադրբեջանին: Ո՛չ»,- նշել է Ալիևը և հավելել, որ Ադրբեջանն արդեն արել է հնարավորը եվրաինտեգրման առումով::
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ում որոշ գործընթացներ Ադրբեջանի համար անընդունելի են: «Ենթադրենք կասեն, որ վաղը դուք ԵՄ-ին անդամակցում եք որոշակի ժամկետում: Բայց մեզ դա պե՞տք է: Մենք գործընթացներ ենք տեսնում, մասնավորապես՝ կրոնական հատկանիշով: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ: Որոշ դեպքերում այսպես կոչված «ընդդիմությունը» փողոց է դուրս գալիս ԵՄ դրոշներով: Նրանք ուզում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելո՞ւմ: Մենք չենք կարող մեր ճակատագիրը հանձնել ուրիշների ձեռքը: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,- հայտարարել է Ալիևը: