Հայերեն   English   Русский  

«Սանիթեքն» ունի ապացույցներ, որոնք հավաստում են, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում


  
դիտումներ: 250

«Սանիթեք» ընկերությանը ղեկավարությունը վերահաստատում է`դիմում են միջազգային արբիտրաժային դատարան:

«Սանիթեք» ընկերությունը պատրաստ է և ունի բավարար քանակությամբ ապացույցներ ու փաստեր, որոնք հավաստում են, որ ընկերության հանդեպ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին «Սանիթեք» ընկերությունից` պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նշենք, որ Արմենպրեսի հետ զրույցում քաղաքապետ Մարույթյանը` անդրադառնալով «Սանիթեքի» հետ արբիտրաժի գործընթացին ասել էր, որ քաղաքապետարանը բավարար փաստական և մասնագիտական ռեսուրսներ ունի՝ ապացուցելու քաղաքի ճիշտ լինելը։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան: Այդ գործընթացը սկսել ենք ամիսներ առաջ, որի մասին բաց և թափանցիկ տեղեկացրել ենք ԶԼՄ-ներին և մեր համաքաղաքացիներին: Նոյեմբերին լրացել է մեր կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն ու քաղաքապետարանին հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը և, ի զարմանս ինձ, ո՛չ կառավարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը»,– ասաց «Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետեր Նիկոլաս Էլ Թավիլը:

Նա տեղեկացրեց նաև, որ ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են Հայաստանի և միջազգային ընկերությունների այս ոլորտի լավագույն մասնագետները, սկսել է նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար:

«Վստահեցնում եմ, որ շատ շուտով միջազգային դատարանը կստանա մեր հայցը»,- ասաց Թավիլը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 3–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Քաղաքապետը նշել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։ Իր հերթին «Սանիթեք» ընկերությունը հոկտեմբերի 10–ին հայտարարել էր, որ դիմելու է Արբիտրաժային դատարան, որովհետև, նրանց խոսքով, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները «Սանիթեքի» նկատմամբ խտրական են և պատժիչ, ինչպես նաև նպատակ ունեն օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի և բռնագանձել վերջինիս ակտիվները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: