Հայերեն   English   Русский  

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նախորդ տարվա ընթացքում զավակներ ունեցած՝ դատախազության համակարգի աշխատակիցներին


  
դիտումներ: 80

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր, իր իսկ ձևավորած ավանդույթի համաձայն, նախատոնական օրերի շրջանակում հանդիպել է ՀՀ դատախազության համակարգի այն աշխատակիցներին, որոնց ընտանիքներում անցնող տարվա ընթացքում երեխա է ծնվել:

Շնորհավորելով բոլորին այդ ամենակարևոր ձեռքբերման՝ ընտանեկան համալրման համար՝ ՀՀ գլխավոր դատախազն ուրախությամբ արձանագրել է, որ այս տարի համակարգի աշխատակիցների ընտանիքներում ծնված երեխաների թիվն աճել է և հույս է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում:

Գլխավոր դատախազը նշել է որ նման համալրումը կարևորում է երկու հիմնական պատճառով. նախ՝ որովհետև բխում է մեր երկրում բնակչության թվաքանակի ավելացման ռազմավարական անհրաժեշտությունից և երկրորդ՝ ընտանիքում երեխաների ծնվելը ամենամեծ խթանն է մարդու համար իրենց զավակների անհոգ և անվտանգ մանկության, պայծառ ապագայի ապահովման համար, աշխատանքային գործունեությանը, ծառայողական պարտականությունների կատարմանն առավել մեծ պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մոտենալու, սեփական հողին կառչած մնալու և ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությամբ երեխաներից պետական մտածողությամբ օժտված քաղաքացիներ կերտելու համար:

Արթուր Դավթյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերածով, մտածել այն ուղղությամբ, որպեսզի ընտանիքներում, հատկապես՝ նորաստեղծ և երիտասարդ, երեխաների ճիչն ու աղաղակը տևական լինեն: Նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ տարվա ընթացքում զավակներ ունեցած բոլոր աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազության խնայված միջոցներից արժանացել են դրամական խրախուսանքի:

Բոլորին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը երեխաներին առողջություն ու հեքիաթային տոնական օրեր, իսկ ծնողներին՝ ընտանեկան մշտարթուն ջերմություն, սեր և ներդաշնակություն մաղթեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: