Հայերեն   English   Русский  

Դուք չափազանց փոքր ֆիգուր եք, որ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնեմ. Դավիթ Խաժակյանը՝ Ավետ Պողոսյանին


  
դիտումներ: 70

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը շնորհավորեց Ավետ Պողոսյանին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նա Պողոսյանին հիշեցրեց նշանակվելուց հետո հարցազրույցներից մեկը, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել էր «Լույս» խմբակցության անդամների ելույթներին՝ նշելով, թե դրանք պատիվ չեն բերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Այն տոնայնությունը, որով խոսում են ավագանու անդամները, կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստանին» պատիվ չի բերում: Ես պարզ ասեմ՝ մենք բոլոր լեզուներով խոսակցություններին պատրաստ ենք՝ Երևանի ժարգոնից սկսած, քաղաքագիտական վերլուծությամբ վերջացրած, ընդհուպ մինչև Լոռվա բարբառով ենք պատրաստ այդ խոսակցությունը տանել: Եթե փորձեն ինչ-ինչ ուժերի դրդմամբ վնասել իշխանությունների՝ իրենց կարծիքով թույլ կետին՝ քաղաքապետարանին, թող բացատրեն՝ քաղաքական նպատակահարմարությունը որն է»,-Պողոսյանի խոսքը մեջբերեց Խաժակյանը, ապա ասաց, թե վարչական շրջանի ղեկավարին կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր ժամանակ հնչեցրած մի ելույթով:

«Դուք եկել եք այստեղ, հանդուգն և լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին (տվյալ դեպքում՝ ավագանու անդամների), Դուք Ձեզ ի՞նչ եք թույլ տալիս: Բայց, անկեղծ ասած, ես Ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետև Դուք չափազանց փոքր ֆիգուր եք՝ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար: Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ, Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»,-ասաց Խաժակյանն ու նշեց, թե ընդդիմադիր Փաշինյանի արտահայտած խոսքերին ավելացնելու ոչինչ չունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: