Հայերեն   English   Русский  

Ալավերդիում ընտանիքի 4 անդամների մահվան պատճառը շմոլ գազն է


  
դիտումներ: 121

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ամենայն հավանականությամբ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում ամուսինները և նրանց երեխաները մահացել են շմոլ գազի արտահոսքից։

Քննչականից տեղեկացրին, որ բնակարանը ջեռուցվում էր գազի վառարանով։ Գազի խողովակը դուրս հանելու փոխարեն, թողնվել է պատի մեջ, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսքը։

Գազի արտահոսքի վտանգի առկայության պատճառով կապարակնիքված և արգելված է եղել գազի վառարանի օգտագործումը։ Դիերը հայտնաբերելու ժամանակ, ոստիկանության աշխատակիցները տեսել են, որ անջատված է եղել գազի արտահոսքի դեպքում ազդանշան հնչեցնող սարքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshayan.com-ը տեղեկացրել էր, որ այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրեն Ի.-ն և 15-ամյա Դիաննա Ի.-ն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: