Հայերեն   English   Русский  

Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման է արժանացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների


  
դիտումներ: 89

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների պարգևատրել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով՝ ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:

Նշված ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` 2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մի աշխատակցի, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը թմրամիջոց և հոգեմետ նյութ ՔԿՀ փոխադրելու համար անհայտ անձից ստացել է 30.000 ՀՀ դրամ կաշառք և արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը պահել իր անձնական օգտագործման ավտոմեքենայում։ 2019թ. դեկտեմբերի 20-ին` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկվել ավտոմեքենան, որտեղից կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մի քանի տեսակի թմրանյութ:

Հարուցվել են քրեական գործեր, առերևույթ հանցանք կատարած ՔԿՀ աշխատակիցները ձերբակալվել են:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ նշված ծառայողներին իրենց պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար՝ նշելով, որ նրանք «ծառայակից» պաշտոնատար անձանց հանցավոր ներգրավվածությամբ քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ սկզբունքային պայքարող պետական ծառայողի օրինակ են, ինչը պետք է վարակիչ լինի նաև քրեակատարողական ծառայության նրանց մյուս գործընկերների համար:

Նման դրսևորումները, ըստ Արթուր Դավթյանի, լավագույնս արտահայտում են իրենց աշխատանքը, ծառայության հեղինակությունն ու բարի համբավը հարգող ծառայողների, հատկապես վերջին շրջանում Քրեակատարողական ծառայության կողմից հանդես բերվող՝ ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հետ հանցավոր կապերի մեջ մտնող անձանցից մաքրելու հաստատակամությունը: Ըստ գլխավոր դատախազի, դա հիմնական ճանապարհն է վերացնելու ինչպես հասարակության, այնպես էլ պետության կողմից արտահայտվող՝ քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի հետ կապված օբյեկտիվ դժգոհությունների պատճառները:

Արթուր Դավթյանը նշել է, որ նման վարքագիծ դրսևորող պաշտոնատար անձանց արարքներն ավելի վնասակար են, քանի որ հանցանք կատարելուց բացի, իրենց վարքագծով նրանք խոչընդոտում են ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, ընդհանրապես պատժի նպատակների իրականացմանը: Այս առումով դրա դեմ պայքարելու վճռականություն և կամք դրսևորող ծառայողների բարեխղճությունը, պետության առջև պարտքի զգացումով առաջնորդվելը պետք է խրախուսվեն և վերածվեն օրինաչափ և համընդհանուր աշխատելաոճի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: