Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները պատրաստվում է Ռուսաստանի հետ կիբեռպատերազմի


  
դիտումներ: 201

Վաշինգտոնը փորձում է նախօրոք վնասազերծել իրեն Ռուսաստանի կողմից 2020 թ. նախագահական ընտրություններին հնարավոր միջամտությունից: Հույս ունենալով Մոսկվայի դեմն առնել՝ ԱՄՆ զինված ուժերի կիբեռհրամանատարությունը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի մարտավարություն է մշակում:

Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Washington Post թերթին, որն իր տվյալները ձեռք է բերել ամերիկյան պաշտոնյաներից:

Արտաքին սպառնալիքներին հակազդելու միջոցների թվում դիտարկվում են ռուսական անվտանգության ծառայությունների ղեկավարության, խոշոր քաղաքական գործիչների, գործարարների և զինվորականների դեմ միջոցառումները: Վաշինգտոնը պատրաստվում է հասանելի դարձնել նրանց վերաբերող գաղտնի տեղեկատվությունը, որպեսզի օգտագործի դա առաջիկա ընտրական գործընթացի վրա ազդելու դեպքում: Ընդ որում նշվում է, որ դա չի դիպչի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նման քայլը չափից ավելի սադրիչ կլիներ:

Մեկ այլ տարբերակ ենթադրում է ապատեղեկատվության օգտագործումը, որի օգնությամբ նախատեսվում է պառակտում մտցնել ռուսական իշխանություների և էլիտայի միջավայրում:

Ինչպես տեղեկացրել է REGNUM գործակալությունը 2017 թ. մայիսին, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը անկախ հետաքննություն էր սկսել ԱՄՆ 2016 թ. ընտրություններում հնարավոր «ռուսական միջամտությունը» հայտնաբերելու համար, որը ձգվեց գրեթե երկու տարի: Սակայն Մյուլլերին այդպես էլ չհաջողվեց դավադրության կամ 2016 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի կապի ապացույցներ գտնել:

Մինչ այս «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրություններում Մոսկվայի հնարավոր միջամտության մասին հարցին, կատակով հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունն «անպայման կանի» դա, «որպեսզի վերջնականապես ինչպես հարկն է ուրախացնի ձեզ այնտեղ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: