ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցն օրհասական է բուհի համար․ Դավիթ Ափոյան
Նա ասաց, որ կանոնակարգում իրավական առումով որոշ կետեր հնացած են, օրինակ նշված է, որ աշխատանքային գրքույկ պետք է ներկայացվի, բայց հիմա չկա այդ գաղափարը, եւ նմանատիպ խնդիրներ, ուստի տեխնիկական խնդիրների պատճառով հայտնեց, որ ռեկտորի ընտրության մրցույթի հարցը կքննարկվի հունվարի վերջին հրավիրվելիք հոգաբարձուների խորհրդի նիտում։
Այս առնչությամբ մտահոգություն հայտնեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը․
«Ես մտահոգություն ունեմ ԵՊՀ ռեկտորի՝ «ժամանակավոր պաշտոնակատար» կարգավիճակի հետ կապված: Բուհն այսօր զգում է ԵՊՀ նոր ռեկտորի ընտրության կարիք: Արդեն մոտենում է ԵՊՀ-ի նախորդ ռազմավարական ծրագրի ավարտը՝ 2016-2020 թվականների համար նախատեսված եւ բուհը շուտով պետք է մշակի իր հաջորդ հնգամյա ռազմավարական պլանը, որը պետք է ներկայացվի ամռան ընթացքում, ու այդ ամենի նախապատրաստական աշխատանքներով, կարծում եմ, պետք է զբաղվի մի մարդ, որն իրեն պատկերացնում է ռեկտորի մանդատը ստացած եւ առաջիկա 5 տարիներին բուհի ճակատագիրը որոշողի կարգավիճակում։ Ես ռեկտորի ընտրության հարցն օրհասական է համարում բուհի համար»:
Նա առաջարկեց տեխնիկական խնդիրները քննարկել իրավաբանների հետ եւ ԵՊՀ ռեկտորի մրցույթ հայտարարել․ «Կհասկանանք՝ ինչպես է կազմակերպվում ընտրությունը, եւ մրցույթ կհայտարարենք: Կարծում եմ՝ ժամանակը բուհի զարգացման օգտին չի ընթանում, պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք ժամանակը»։
Գեւորգ Մուրադյանը ի պատասխան համաձայնեց, որ բուհի ռեկտորի ընտրության կազմակերպման աշխատանքները պետք է սկսել, բայց նշեց՝ այդ աշխատանքները հանպատրաստից անելու դեպքում հնարավոր է՝ իրավական խնդիրներ ու բացթողումներ լինեն եւ խնդրեց այս պահին հարցն օրակարգում չներառել:
Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունների հարցն օրակարգում չներառվեց: