Հայերեն   English   Русский  

Գյումրիում սոցիալական բնակարաններ են բաժանել, լուսանկարներ


  
դիտումներ: 436

Երկու տարի առաջ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը սկսեց Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր:

Առաջին փուլով 11 բնակարան հանձնցեց շահագործման, հիմնանորոգվել էր քաղաքի նորակառույց թաղամասերից մեկում գտնվող կիսակառույց շենքի մի հատվածը: Երկորդ փուլով հանձնվեց 12 բնակարան, իսկ արդեն երրորդ փուլում կառուցվել է 18 բնակարան:

- Շենքի վրա ծախսվել է շուրջ 310 մլն, որից 270 մլն-ը ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամն է ներդրել, մնացածը քաղաքապետարանը: Վստահ եմ, որ պիտի շարունակենք, բայց գործը միշտ մեր խոսքից առաջ է ընկնում: Ամեն մի հաջողված փուլ բերում է հաջորդ ծրագիրը: Շատ ավելի լուրջ ներդրումների դոնորներ ունենք, բայց առաջ չընկնենք, ասում է ԱՌԴԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Սարհատ Պետրոսյանը:

Այս 18 բնակարանից, սակայն, ընդամենը 11-ն են գտել իրենց շահառուներին, մյուս 7 բնակարանները դատարկ են՝ սահամանված չափորոշիչներին համապատասխանող ընտանիքներ քիչ են դիմել:

- Որոշել ենք հաջորդ տարի որոշ չափորոշիչներ պակասեցնել, որպեսզի մարդիկ կարողանան բնակարան ստանալ: Օիրնակ, գուցե հրաժարվենք շահառուի պարտադիր անօթևանի կարգավիճակ ունենալու կետից: Հիմա ծրագրից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող միայնակ ծերերը, հաշմանդամ ունեցող ընտանիքները, բազմանդամ ընտանիքները, ովքեր պարտադիր ունեն անօթևանի կարգավիճակ, - մանրամասնում է Սարհատ Պետրոսյանը:

ԱՌԴԱ հիմնադրամի սոցիալական բնակարաններում բնակվողի էլեկտրականության և ջեռուցման ծախսերը հոգում է հիմնադրամը, բնակիչը վճարում է միայն օգտագործած ջրի համար: Սակայն բնակարանները շահառուներին տրամադրվում է միայն բնակության իրավունքով. անձը կամ ընտանիքը այնտեղ կարող են ապրել մինչև իրենց կյանքի վերջը: Ու քանի որ սեփականության իրավունք չի տրվում, շահառուներից ոմանց մոտ դժգոհություն է առաջանում:

Ռոզա տատիկը նույնպես սոցիական բնակարան է ստացել, երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, հիմա 1 սենյականոց սոցիալական բնակարան է ստացել: Ասում է՝ 31 տարի տնակում մի կերպ գոյատևել է, խոնավությունից հազար ու մի հիվանդություն ձեռք բերել, բայց բնակարանամուտին զայրացած է՝ <ես կուզեի պետությունից ստանալ իմ 1 սենյականոց բնակարանը, իմ սեփականը: Վերջը թոռ ունեմ, ես չեղա էս տունը ու՞մ կմնա>:

Բնակարանները շահագործման հանձնելու արարողությանը մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու այստեղ էլ վարչապետը որևէ կերպ չանդրադարձավ Գյումրիում բնակարանաշինական կամ առհասարական բնակապահովման թեմային, միայն հյուրընկալվեց 1-2 բնակարանում, նրանց շնորհավորեց ու հեռացավ տարածքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: