Հայերեն   English   Русский  

​Իսպանիայի խորհրդարանը քվեարկեց Պեդրո Սանչեսի թեկնածության դեմ


  
դիտումներ: 439

Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) այսօր առաջին քվեարկությամբ մերժեց կառավարության նախագահի պաշտոնակատար, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ԻՍԲԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար:

Քվեարկության առաջին փուլում ընտրվելու համար կառավարության ղեկավարի պաշտոնի հավակնորդը պետք է ստանար պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը, այսինքն՝ առնվազն 176 ձայն 350-ից: Քանի որ դա տեղի չունեցավ, երկու օր անց Կոնգրեսում պետք է կայանա երկրորդ քվեարկություն, որի դեպքում թեկնածուին հաստատելու համար բավարար կլինի խորհրդարանականների ձայների պարզ մեծամասնությունը:

Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարի թեկնածության օգտին քվեարկել է 166 պատգամավոր, դեմ՝ 165, ձեռնպահ՝ 18, ևս մի պատգամավոր ներկա չի եղել: Թեկնածուին, ի թիվս այլոց, պաշտպանել է «Միավորվելով մենք կարող ենք» ձախ կոալիցիան: Մինչ այս Սանչեսը կոալիցիոն կառավարություն ձևավորելու համաձայնության է եկել այս քաղաքական ուժի հետ:

Սպասվում է, որ Սանչեսը վաչապետ կնշանակվի խորհրդարանի քվեարկությամբ հունվարի 7-ին, ինչը վերջ կդնի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին: Իսպանիայի կառավարությունն արդեն մոտ ութ ամիս պաշտոնակատարի կարգավիճակում է, քանի որ 2019 թ. ապրիլի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով կուսակցություններին չի հաջողվել համաձայնության գալ կառավարության ձևավորման հարցում: Դրա հետևանքով երկրում անցկացվել է ևս մի քվեարկություն:

Իրավիճակն ընտրություններից հետո

2019 թ. նոյեմբերի 10-ին Իսպանիայում տեղի ունեցան չորրորդ ընտրությունները չորս տարվա ընթացքում: Դրանց արդյունքներով հաղթանակը բաժին հասավ ԻՍԲԿ-ին: Այդուհանդերձ սոցկուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունեցավ պատգամավորների Կոնգրեսում, որպեսզի Սանչեսը անարգել հաստատվեր կառավարության ղեկավարի պաշտոնում: ԻՍԲԿ-ին խորհրդարանի 350 տեղերից բաժին հասավ 120-ը:

Այդպիսով կառավարություն ձևավորելու համար սոցիալիստական կուսակցությունը պետք է ապավիներ ուրիշ քաղաքական ուժերի պաշտպանությանը: Սանչեսին աջակցություն ցույց տվեց նաև «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը տարածաշրջանի անկախության ջատագովն է: Այդ քաղաքական ուժը համաձայնել է ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ, փոխարենը, ըստ ձեռք բերված համաձայնության, բանակցություններ են վարվելու Կատալոնիայի հարցի շուրջը կենտրոնական և տարածաշրջանային կառավարությունների միջև:

Քաղաքական փակուղիներ

Իսպանիան առաջին անգամ չէ, որ հայտնվել է քաղաքական փակուղում: Մինչ այս երկիրը 10 ամիս ապրում էր առանց մշտական կառավարության, քանի որ խորհրդարան մտած կուսակցություններին չէր հաջողվել համաձայնության գալ կառավարությունը ձևավորելու հարցում:

2015 թ. վերջին Իսպանիայում համընդհանուր ընտրություններ տեղի ունեցան, որոնց արդյունքներով հաղթանակ տարավ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ)՝ չստանալով Կոնգրեսում բացարձակ մեծամասնություն: Եվ քանի որ որևէ քաղաքական ուժի թեկնածու այդպես էլ հաստատված ժամկետում չստացավ խորհրդարանի հավանությունը, որոշվեց նորից ընտրություններ անցկացնել: 2016 թ. ամռանը կայացած քվեարկության արդյունքներով հաղթանակը կրկին պահպանողականները տարան:

Այս փակուղուց հնարավոր եղավ դուրս գալ ԻՍԲԿ-ի դաշնային կոմիտեի որոշման շնորհիվ, որով նա համաձայնեց դեմ չքվեարկել ԺԿ-ի թեկնածու Մարիանո Ռախոյի դեմ, այլ ձեռնպահ մնալ: Սակայն ԻՍԲԿ-ի ոչ բոլոր անդամներն էին համաձայն նման զիջման գնալու, ինչն էլ ներկուսակցական լուրջ ճգնաժամ առաջացրեց սոցիալիստների շարքերում և գլխավոր քարտուղարի պաշտոնից Սանչեսի հրաժարականի պատճառ դարձավ: Որոշ ժամանակ անց նա կրկին ընտրվեց կուսակցության առաջնորդ:

ԻՍԲԿ-ի ղեկավարին վարչապետի պաշտոնը զբաղեցնել հաջողվեց միայն 2018 թ. ամռանը, երբ Իսպանիայի դատարանը վճիռ կայացրեց աղմկոտ կոռուպցիոն գործով, որում խառնված էին ԺԿ-ի կողմնակիցներ: Սոցիալիստները դա օգտագործեցին որպես հիմք խորհրդարանի ստորին պալատում կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Կոնգրեսն անվստահություն հայտնեց Ռախոյին, և ինքնաբերաբար վարչապետ դարձավ Սանչեսը:

Աբյուրը՝ ՏԱՍՍ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: