Հայերեն   English   Русский  

​ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 452

Ոչ անհայտ մի գործիչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանի

2018թ․ խորհրդարանական ընտրությունների դիտորդի հավաստագիրը, տրված Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից։ Ոչ անհայտ գործիչը տեղադրելով սույն տեղեկությունը, չի զլացել նաև իր ոճին հարիր, ինտրիգային նշում անել՝ «Մնացածը հետո կտեղադրեմ»։

Որպես Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ հայտարարում եմ, որ սկսած 2007թ․ Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրականացրել է դիտորդական առաքելություն ՀՀ բոլոր համապետական, այդ թվում նաև 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ բոլոր ընտրություններին ընդառաջ, կոմիտեն տարածել է հայտարարություն և ընդգրկել դիտորդներ, որոնց հետ անցկացվել են հատուկ դասընթացներ անաչառ դիտորդություն իրականացնելու համար։

Այդ տարիների ընթացքում կոմիտեի հետ համագործակցել են հարյուրավոր դիտորդներ, որոնք հիմնականում բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները։ Անձամբ ինքս, փողոցում հանդիպելիս նրանցից կճանաչեմ ընդամենը մի քանիսին։ Չեմ ճանաչում նաև կասկածյալ Ռաֆայել Սուքիասյանին։ Ասածս չընկալեք, որպես արդարացում։ Չեմ բացառում, որ ինքս հանդիպած լինեի նրա հետ և դրական տպավորություն ունենայի։ Նախ, փաստենք, որ Ռաֆայել Սուքիասյանն առայժմ միայն կասկածյալ է։ Բայց ընդունենք, որ իսկապես ապացուցվի, որ նա է հանցագործը։ Ուստի՞․․․ Որևէ մեկը, այդ թվում ոչ անհայտ գործիչը, կարո՞ղ է վստահաբար պնդել, որ ինքն այնպիսի բարձր մակարդակի հոգեբան է, որ դեռևս մեկ տարի առաջ կզգար, որ գործ ունի պոտենցիալ հանցագործի հետ։ Եվ, եթե չեմ սխալվում, նա նաև թունդ քրիստոնյա հավատացյալ է, ուստի թող հետևի «Թող առաջին քարը նետի նա, ով անմեղ է» ավետարանական կարգախոսին։ Իսկ ինտրիգային «Մնացածը հետո կտեղադրեմ»-ով թող որևէ մեկին, հատկապես ինձ չվախեցնի, թե չէ, նա լավ գիտի․․․

Հ․Գ․ Ֆեյսբուքում նկատեցի, թե տարբեր հասարակական գործիչներ ինչպես են արդարանում Ռաֆայել Սուքիասյանի հետ որևէ առնչություն ունենալու համար։ Անհասկանալի է․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: