Ձեր նախարարների պարգևավճարները, որ մի քիչ քչացնեք, բյուջեն սաղ բաներին էլ կհերիքի. Մարալիկում կրքերը չեն հանդարտվում
Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է 150-ից պակաս ծնունդ ունեցող ծննդատները չեն համապատասխանում նույնիսկ առաջին մակարդակին: Սա այն նվազագույն թիվն է, որը պետք է ապահովի նորմալ ծննդատունը:
- Փորձը ցույց է տալիս, որ 150-ից պակասի դեպքում ծախսը արդյունավետ չէ: Եթե 3 օրը մեկ է ծնունդ ընդունում բուժանձնակազմը, էսպես թե էնպես իրենց մասնագիտական որակները նվազում են: Գալով այս ծննդատանը՝ ծնունդների թիվը պակասում է, եթե 2018-ին կար 120 ծնունդ, այս տարի 102-106: Ի՞նչ կադրեր ունենք՝ մի բժշկուհի, որը վիրահատություն չի անում, անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ չունենք, իսկ նախարարության քաղաքականությունն է՝ հնարավորինս նվազեցնել մայրական և նորածնային մահացությունը, - ասում է առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը:
Վարչության պետի պաշտոնակատարը Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչներին հորդորում է ծննդկաններին տանել Արթիկ, քանի որ Մարալիկի ծննդատանը կադրային լուրջ խնդիր կա:
- Բայց ո՞ր բժիշկը կգա 30 հազար դրամով կաշխատի: Ֆինանսավորում կատարեք, - նրան հակադարձեց ծննդատան աշխատակիցներից մեկը:
Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նշում է՝ աշխատավարձը 30 հազար դրամ է, որովհետև ծնունդների թիվն էլ 100 է: Մինչ նա փորձում էր բացատրել, որ աշխատավարձերը ձևավորվում են ծնունդների թվից ելնելով՝ մարալիկցիներից մեկը նկատեց՝
- Ձեր նախարարների պարգևավճարները, որ մի քիչ քչացնեք, բյուջեն սաղ բաներին էլ կհերիքի:
-Փակել չկա, դա մոռացեք:
- Բայց մանկաբարձն ի՞նչ մեղք ունի, որ ծնունդների թիվը քիչ է, էստեղ երեխա քիչ են ունենում: Ձեր ֆինանսական վարչարարությունն էնպես կազմակերպեք, որ բժիշկը դրանից չտուժի, ուզենա աշխատել: Ամբողջ տարածաշրջանի բնակչությունը 23 հազար է, Գյումրիում գիտե՞ք ինչքան է բնակիչների թիվը, ո՞նց կարելի է Գյումրիում ու Մարալիկում սույն սանդղակը սահմանել: Մտածեք ֆինանս բերեք, չլինող բան չկա, ցանկություն է պետք:
- Ճանապարհը չի բացվելու մինչև հարցին ողջամիտ լուծում չլինի, դա լավ իմացեք:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, առավոտից փակ է Գյումրի-Երևան ճանապարհը՝ Մարալիկ քաղաքում: Բնակիչներն ու բուժաշխատողները պահանջում են չեղարկել Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը: