Իրանի դեմ պատժամիջոցները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա. իրավիճակը վերլուծել է իրանագետը
Իրանը և ԱՄՆ-ն զսպվածություն և առողջ մոտեցում են ցուցաբերել, և չի կարելի ասել, թե կողմերից որևէ մեկը ստիպված էր զիջել, քանի որ տվյալ դեպքում հաղթողներ և պարտվողներ չկան:
Փորձագետը հիշեցրեց, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հարվածները, ըստ էության, պատասխան էին՝ ուղղված ԱՄՆ-ին: Ընդ որում, նա նկատեց, որ գոհունակություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Երկու երկրների հարաբերություններում նոր սրման սպառնալիքներ չկան: Սակայն խնդիրը լուծված չէ, և անհրաժեշտ է տարբեր մակարդակներով՝ ինչպես բաց, այնպես էլ փակ ռեժիմով, բանակցություններ վարել՝ առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար: Այնուամենայնիվ կողմերը առաջ են քաշում փոխադարձ պայմաններ և պահանջներ»,- ասաց Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը բավականին ադեկվատ և զուսպ գնահատական է տվել կատարվող իրադարձություններին:
«Անհրաժեշտ բոլոր գործողությունները հայկական կողմը ձեռնարկել է: Անցկացվել են խորհրդակցություններ: Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել, Սուրեն Պապիկյանն այնտեղ գրառում է կատարել: Կարծում եմ՝ սրանք այն բոլոր անհրաժեշտ գործողություններն էին, որ մենք պետք է անեինք»,- վստահ է Իսկանդարյանը:
Նա կարծում է, որ Հայաստանը չպետք է միջամտի տվյալ հակամարտությանը, քանի որ դրա համար ուժ, միջոցներ, հնարավորություններ և քաղաքական կշիռ չունի:
Անկախի այն հարցին՝ արդյոք իրավիճակի սրումը և Իրանի դեմ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, Իսկանդարյանն ասաց, որ ազդեցություն միանշանակ կլինի, քանի որ սուղ պայմանների դեպքում Իրանը կդադերցնի արդեն իսկ պլանավորված ներդրումները Հայաստանում: