Հայերեն   English   Русский  

Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ


  
դիտումներ: 198

Այսօր՝ հունվարի 9-ին,

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Այսօրվա նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու Միհրան Պողոսյանի՝ իրենց պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։

Վերջիններիս ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն իրեն թույլ տվեց հետևյալ արտահայտությունը․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։

Պաշտպանական կողմն արձանագրեց, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Սա վիճաբանության պատճառ դարձավ նիստի մասնակիցների միջև։ Մեղադրող դատախազները փաստեցին, որ նիստը վերածվել է «ռազբորկայի»։

Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատական նիստի ընթացքում Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։

Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստին, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև հունվարի 14-ը, ժամը 13։00։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: