Հայերեն   English   Русский  

Այս ամենի գիտակցումը շատ ավելի կենսական է Հայաստանի և Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը. Աշոտյան


  
դիտումներ: 177

ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց խրոնիկ փուլ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար:

1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների եւ հակակշիռների համակարգը տեսանելի ձախողումներ է արձանագրում: Այս տենդենցը, երբ միջազգային իրավունքի նորմերն ու պատկան կառույցները կարող են էֆեկտիվ չլինել պետությունների եւ ազգերի քիչ թե շատ խաղաղ եւ կանխատեսելի համակեցությունը ապահովելու համար, Հայաստանին եւ Արցախին պետք է հետաքրքրի նախեւառաջ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ այդ համատեքստում առաջարկվող միջազգային երաշխիքների եւ հեղինակության դերակատարության առումով:

2. Միջազգային քաղաքականությունը դառնում է սուպերռացիոնալ եւ պրագմատիկ, շատ փոքր տեղ թողնելով այսպես կոչված արժեքների վրա խարսխված քաղաքականության համար:

Մաքուր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կանոնները դառնում են նոր նորմ, իսկ այնտեղ, որտեղ իշխում է գեոպոլիտիկան մեր, հայերիս, սիրած «արդարության» համար շատ փոքր տեղ է մնում, այն էլ՝ հիմնականում լուրերի կամ հոդվածների գլխագրերում:

3. Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերի ընթացքում խիստ մտահոգիչ է: Մեր տարածաշրջանը մշտապես լրջություն է պահանջում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում: Լեռնագնացությամբ կամ հաջորդ անգամ Սեւանի հատակը բատիսկաֆով իջնելով մեր ազգային շահերը եւ տարածաշրջանային դիրքը պաշտպանել չի լինի: Մանավանդ, որ երկու դեպքում էլ մեծ թթվածնային քաղցի հետեւանքով մտագործունեության թերությունները տեսանելի են դառնում:

4. Հայաստանի դիվանագիտական մեքենան չգտնվեց ակնկալվող բարձունքի վրա: ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցը իրանական գործընկերոջ հետ, մեր դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղումից, խորհրդարանական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը (շարքային նախարար եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի մակարդակ), ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիան՝ այս ամենը ապացուցում է, որ ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող իշխանությունները չեն տիրապետում պատշաճ գործիքակազմին՝ գիտելիքի, փորձի եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով:

5. Իրանի դեպքում Հայաստանը պարտավոր է նաեւ հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ, այստեղից բխող բոլոր յուրահատկություններով, կարեւորություններով եւ մարտահրավերներով: Ավելին, Արցախը դե-յուրե ՀԱՊԿ-ի հովանու տակ չի լինի հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:

6. Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն եւ ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: «Դիանա-շոուն» դրա ամենավառ ապացույցն էր:

Այս ամենի գիտակցումը գործող պետական այրերի կողմից շատ ավելի կենսական է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը, ԱԺ նախագահի նոր շնիկը եւ ԱԽ քարտուղարի նարցիստիկ էքստազի մասին գիրքը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: