Հայերեն   English   Русский  

​Ընդդիմությունը փորձել է գրոհով գրավել Աբխազիայի նախագահի նստավայրը


  
դիտումներ: 208

Աբխազիայի նախագահի աշխատակազմի պահակախումբն ուժ է կիրառել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ, որոնք փորձում են ներխուժել շենք, հաղորդում է Interfax-ի թղթակիցը:

Ընդդիմության ակտիվիստներն այսօր հավաքվել են Սուխումիում Աբխազիայի դրամատիկ թատրոնի մոտ: Այնուհետև տեղափոխվել են հանրապետության նախագահի նստավայրի մոտ և փորձել են գրոհով գրավել շենքը:

Ընդհանուր նախագահի նստավայրի առջև հավաքվել է, ըստ նախնական հաշվարկների, մոտ 800 մարդ: Ցույցի մասնակիցները պնդում են, որ անցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան ձայների մեծամասնություն չի ստացել, և պահանջում են նոր ընտրություններ:

Ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է տապալել շքամուտքի դուռը, պատուհան ջարդել և առաջ գնալ: Մի քանի ցուցարարների հաջողվել է ներխուժել շենք, սակայն անվտանգության աշխատողները նրանց դեմն առել են:

Ըստ որոշ տվյալների՝ նախագահի նստավայրը գրոհողների շարքերում են նաև նոյեմբերի 22-ին «Սան Ռեմո» ռեստորանի մոտ սպանված քրեական հեղինակությունների հարազատները:

Աբխազիայի նախագահի վարչակազմը Սուխումիի դեպքերը, այդ թվում և գրոհը պետական հաստատությունների վրա, որակել է որպես պետական հեղաշրջման փորձ:

«Տեղի ունեցածը գնահատում ենք որպես պետական հեղաշրջման փորձ: Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը հանրապետությունում պահի սահմանադրական հունում»,- հայտնել է Interfax-ին Աբխազիայի նախագահի աշխատակազմում:

Մինչդեռ ընդդիմության կողմնակիցների հանրահավաքը Սուխումիում շարունակվում է, մասնակիցների թիվն արդեն անցնում է հազարից: Ընդդիմադիր «Այթաիրա» (Վերածնունդ) կուսակցությունը կոչ է արել հանրապետության ղեկավար Ռաուլ Խաջիմբային հրաժարական տալ, որպեսզի խուսափի «վատագույն սցենարից»:

Հանրապետության պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիան հավաստիացրել է, որ Աբխազիայի զինված ուժերը չեն միջամտում այդ իրադարձություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: