Հայերեն   English   Русский  

«Օֆելյա Համբարձումյան... Ժողովրդի երգչուհի... Ժողովրդական երգչուհի...» այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 721

Այսօր՝ հունվարի 9-ին, հայ ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 95 տարեկան:

«Օֆելյա Համբարձումյան... Ժողովրդի երգչուհի... Ժողովրդական երգչուհի... Չափազանց սիրելի և սրբազան անուն մեր երգարվեստում: Եթե ոչինչ երգած չլիներ Օֆելյան և սերունդներին թողած լիներ թեկուզ իսահակյանական ցնցող երգերի ընտրանին, դարձյալ բավական կլիներ նրան հայ երգի արտահայտիչը անվանել»,- ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը:

Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։

Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։

Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։

«Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգային, ժողովրդական երգերը: Ես այսօր դրանցով եմ ապրում, քանզի ցանկացած երգ, որ կատարել եմ, հուզվել եմ: Որտեղ էլ եղել եմ, որ երկրում էլ որ ներկայացրել եմ մեր ազգայինը, սիրով է ընդունվել և հիմա ուզում եմ, որ մեր երիտասարդներն էլ չմոռանան»,- անկեղծացել է Օֆելյա Համբարձումյանը:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլզադյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։

Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ 21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի, «հայ երգի կռունկ» ժողովրդական տիտղոսին արժանացած Օֆելյա Համբարձումյանի մասին ֆիլմ է նկարահանվել:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Հայկ Վարդանյանն է:

Ֆիլմը կոչվում է «Օֆելյա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: