Հայերեն   English   Русский  

Երկրի թիվ մեկ պատասխանատուն այս բարդ իրավիճակում. իր պոպուլիզմը դուրս է բերել միջազգային ասպարեզ


Գևորգ Գևորգյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 358

Աշխարհը վերադասավորվում է, պրոցեսները արագ են զարգանում մերձավորարևելյան տարածաշրջանի շուրջ՝ քաղաքական արտացոլումը գտնելով արևմուտքում:

Թեև Իրան-ԱՄՆ հակամարտությունը այս պահին դեպի թեժացում չի գնում, հատկապես այն դեպքում, երբ կանխատեսվում էր, որ ԱՄՆ-ն պատասխան հարված կտա, այնուամենայնիվ հարաբերական դադարը չի նշանակում ավարտ: Ավելին՝ հզոր պետությունները դիրքավորվում են: Իրանը ցույց տվեց իր ուժը, ԱՄՆ-ն ընկրկեց, իսկ Իրաքի կառավարությունը որոշեց, որ ԱՄՆ ուժերը պետք է դուրս գան իր տարածքից: Սա բուն կոնֆլիկտի տարածքում, իսկ ընդհանրապես մենք տեսնում ենք , որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է մերձեցնում իր հարաբերությունները ՌԴ հետ: Սիրիայի նախագահ Ասադն էլ երկու օր առաջ ջերմ ընդունելության է արժանացնում ՌԴ նախագահ Պուտինին, հատուկ ընդգծելով, որ երախտապարտ է ՌԴ-ին հակաահաբեկչական պայքարում Սիրիային աջակցելու և երկրում խաղաղություն հաստատելու համար: ՌԴ-ն հետևողականորեն աշխատում է իր պետական շահի դիրքերից և ընդլայնում է իր գործոնը ինչպես մերձավոր արևելքում այնպես էլ եվրոպայում: ԱՄՆ-ն Թրամփի վարած քաղաքականության արդյունքում բախվում է ընդդիմության, ինպես արտաքին աշխարհում, այնպես էլ իր երկրի ներսում, որի վկայությունը վարչակարգի օրեցօր նվազող ռեյտինգն է:

Ինչպես տեսնում ենք վերադասավորումներն արագ են ընթանում, իրադարձություններն արագ են զարգանում, ժամ առ ժամ: Այս ամենից մենք պետք է կարողանանք պետական շահի տեսանկյունից պատվով դուրս գալ, հաշվի առնելով, որ ունենք Արցախյան հարց, ունենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ոտնահարած և անտեսող ագրեսոր հարևան, իր ավագ եղբայր թուրքիայով հանդերձ: Փաստացի, մենք տարածաշրջանում մեր տեղը ամրացնելու, մեր կշիռը բարձրացնելու առաջնահերթ հարցեր ունենք: Սրանք լրջագույն մոտեցում, պատասխանատվություն և դիվանագիտական բարձրագույն մակարդակի հմտություններ պահանջող խնդիրներ են, որովհետև նժարին մեր անվտանգությունն է, մեր երկրի և ազգի պետական շահն է:
Իսկ ինչ է անում երկրի թիվ մեկ պատասխանատուն այս բարդ իրավիճակում. իր պոպուլիզմը դուրս է բերել միջազգային ասպարեզ: Հայտարարում են, որ կարող են միջնորդ լինել Իրան-ԱՄՆ լարվածության թուլացման գործում:

Փաստացի, երկրի ներսում պառակտում սերմանելով, հիմնովին վարկաբեկելով բոլոր պետական ինստիտուտները, ստեր շաղ տալով, բանսարկությամբ զբաղվելով, ոլորտ առ ոլորտ ավերելով չի բավարարվում: Հիմա էլ սևեռվել է մեր պետության վարկանիշը վերջնականապես զրոյացնելու ուղղության վրա: Պրոֆի գեոպոլիտիկի օրակարգում բրդուճ-փարթիներից, բլինչիկներից, սարերի գագաթներից, զուգարաններից, «բիչոկներից», «բազմոցներին պառկած աղքատներից» բացի, մեկ էլ մի հարց կա. անձամբ լիցքաթափել Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված լարվածությունը: Սա անլրջության ռեկորդ է, գիտակցված թե անգիտակից, այնուամենայնիվ երկիրը խոցելի դարձնող:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: