Հայերեն   English   Русский  

​Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է իրանական հրթիռի՞ց


  
դիտումներ: 197

Ամերիկյան The New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որը ենթադրաբար պատկերում է իրանական հրթիռի բախումը Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին: Այդ կադրը թերթին տրամադրել է իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, հաղորդում է Interfax-ը:

Ղարիբը տեսանյութը զետեղել է նաև իր թվիթերում, որը, իր խոսքով, ստացել է աղբյուրից: Նա ընդգծում է, որ չի կարող երաշխավորել կադրերի իսկությունը, սակայն կապի մեջ է աղբյուրի հետ և խնդրել է նրանից մետատվյալները: The New York Times-ը գրում է, որ ստուգել է տեսանյութը:

https://twitter.com/i/status/1215334836937928705

Թերթը նշում է, որ տեսագրությունն արվել է Փարանդ բնակավայրում (Թեհրանի մարզ)՝ Թեհրանի օդանավակայանից ոչ հեռու: Հենց այդտեղ է ընդհատվել ուկրաինական «Բոինգի» կապը:

Ըստ թերթի տվյալների՝ ինքնաթիռի վրա հրթիռի ընկնելուց հետո ոչ մեծ պայթյուն է տեղի ունեցել, սակայն օդանավը վայր չի ընկել: Ուրիշ տեսանյութեր, որոնց իսկությունը The New York Times-ը հաստատել է, բայց չի հրապարակել, ցույց են տալիս, որ որոշ ժամանակ այրվող ինքնաթիռը թռել է դեպի օդանավակայանը, բայց հետո պայթել է օդում և ընկել:

Երեկ երեկոյան Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ներկայացրել է կանադական հետախուզության տվյալները, ըստ որոնց՝ ուկրաինական ինքնաթիռը սխալի հետևանքով խփվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռից: Համանման հայտարարությամբ է հանդես եկել և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչ այդ սխալի հետևանքով «Բոինգի» վրա իրանական հրթիռի ընկնելու վարկածն առաջ է քաշել ամերիկյան Newsweek հանդեսը:

Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի վաղ առավոտյան, թռիչքից կարճ ժամանակ անց Թեհրանի օդանավակայանի մոտ: Օդանավում եղած բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել են: Նրանց թվում՝ 11 ուկրաինացի (այդ թվում անձնակազմի 9 անդամները): Զոհվածների մեծ մասը Իրանի (82) և Կանադայի (63) քաղաքացի են, մնացածները Շվեդիայից են, Աֆղանստանից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

Ներակյումս Կիևը դիտարկում է օդանավի կործանման յոթ վարկած, այդ թվում և ինքնաթիռի կործանումը ռուսական զենիթային հրթիռից, բախումը անօդաչուին կամ այլ թռչող սարքի, շարժիչի պայթյունը տեխնիկական պատճառներով, պայթյունը ինքնաթիռի ներսում ահաբեկչության հետևանքով: Եվս երեք վարկած չի հրապարակվում:

Թեհրանը հերքել է այն վարկածը, թե «Բոինգը» կործանվել է Իրանի ՀՕՊ համակարգերից: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում այդ վարկածը գնահատել են անհնարին «գիտական տեսանկյունից» և անտրամաբանական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: